Վերջին շաբաթներին Ռուսաստանից եկող ավիաթռիչքների թիվն ավելացել է. Զագրեբի փողոցներում հաճախակի լսվում է ռուսերեն: Պատվաստումն այստեղ օտարերկրացիների և տեղացիների համար անվճար է, գրում է Ռոյթերս գոծակալությունը:
Զագրեբի ամենամեծ պատվաստման կենտրոնի ղեկավար Նեդա Ֆերենչիչ Վրբանը պատմում է, որ միայն այս ամսվա ընթացքում այստեղ են պատվաստվել շուրջ հազար ռուսաստանցիներ:
Ռուսական Էքսպրես տուրիստական գործակալությունը կազմակերպում է պատվաստումների համար ուղևորություններ դեպի Խորվաթիա նրանց համար, ովքեր ցանկանում են պատվաստվել Եվրամիությունում հաստատված պատվաստանյութով: Ընկերության ներկայացուցիչ Աննա Ֆիլատովսկայան նշում է, որ պատվաստման համար այցելությունը մեծ պահանջարկ է վայելում ռուսաստանցիների շրջանում, որը գնալով աճում է:
Ուղևորությունը, որի գինը կազմում է մոտ 500 դոլար ներառում է թռիչք, կացարան, բժշկական ապահովագրություն և տեղափոխում պատվաստման կենտրոն: Սակայն Ռուսաստանում պատվաստվածի կարգավիճակը հաստատող QR կոդը տրամադրվում է միայն այն անձանց, ովքեր ստացել են ռուսական Sputnik պատվաստանյութը։
«Մեզ թույլատրված է մուտք գործել Խորվաթիա Sputnik-ով պատվաստված: Ես այժմ կցանկանայի ստանալ Pfizer-ի հավելյալ դեղաչափ, որպեսզի կարողանամ ճանապարհորդել Եվրոպա առանց կարանտինի կամ թեստերի», - ասում է Յուրին Մոսկվայից:
Ռուս այցելուների մեծ մասն ընտրում է հանգստյան օրերի ուղևորություն, բայց ոմանք նաև այցելում են հարևան Սլովենիա:
«Դա ոչ մի կապ չունի ռուսական պատվաստանյութին չվստահելու հետ: Երբեմն Եվրոպա մեկնելու անհրաժեշտություն է առաջանում, ուստի մենք ցանկացել ենք պատվաստվել Խորվաթիայում», - ասում է մոսկվայաբնակ Նատալյա Նոկսը, որն այժմ տուն է վերադարձել Զագրեբ և Սլովենիա այցելելուց հետո:
Russian Express-ն ընդգծում է, որ պատվաստման համար զբոսաշրջությունը շարունակում է մնալ արդիական ռուսաստանցիների շրջանում։