ՆԱՍԱ-ն ուզում է որ ամերիկացի տիեզերագնացներն ավելի շուտ վերադառնան լուսին, քան չինացիները

Ամերիկացի աստղագնացներին մինչեւ 2024 թվականը լուսին վերադարձնելու Թրամփի ժամանակաշրջանում հայտարարված նպատակը, որն արժանացել էր նաեւ Բայդենի հավանությանը, այլեւս իրագործելի չէ: Այս մասին հայտարարել է ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը: Դեպի լուսին տիեզերագնացների թռիչքը հավանաբար կիրականացվի 2025 թվականին, ասել է նա:

‘’Արտեմիս 2’’ առաքելությունը ծրագրված է 2024 թվականի մայիսին, ինչը մեկ տարի ուշացում է նշանակում նախնական ծրագրի համեմատ: Առաքելությունը նման է լինելու ‘’Արտեմիս 1’’ առաքելությանը, միայն այն տարբերությամբ, որ այս անգամ տիեզերանավի խցիկում լինելու են տիեզերագնացներ: Այն լինելու է ‘’Ապոլոն’’ ծրագրից հետո դեպի լուսին մարդկանց անձնակազմով առաջին առաքելությունը: Սակայն երկրագնդի բնական արբանյակի վրա այս առաքելության ընթացքում վայրէջք չի նախատեսված: Մարդակց վերադարձը լուսնի մակերեւույթ տեղի կունենա 2025 թվականի ընթացքում: Ժամկետը կախված կլինի նաեւ դրան նախորդած բոլոր մյուս թռիչքների հաջողությունից:

Ինչպես ՆԱՍԱ-ի պաշտոնյաներն են ասում, Միացյալ Նահանգները դեպի լուսնի մակերեւույթ թռիչքը պիտի արագացնի, քանի որ սկսվել է Սառը պատերազմի տարիների նման տիեզերքը նվաճելու մրցավազք` այս անգամ Չինաստանի հետ:

Չինաստանը, Մարսի վրա ինքնագնաց իջեցնելով եւ ռոբոտային տիեզերանավ իջեցնելով լուսնի հակառակ կողմի վրա` այսօր ցույց է տալիս տիեզերքը նվաճելու մեծ հակումներ, ասում է Բիլ Նելսոնը: ‘’Մենք այսօր ունենք լուրջ մրցակից, որի անունն է Չինաստան’’, ասել է նա ու ավելացրել.

‘’ՆԱՍԱ-ի նպատակն այն է, եւ կարծում եմ նաեւ նպատակն է Միացյալ Նահանգների կառավարության, որ մենք առաջինը վերադառնանք լուսին…. Այս հարցում մենք պիտի շտապենք’’, ասել է նա: