Հարզարավոր միգրանտներ այս օրերին տառապում են Բելառուսի եւ Լեհաստանի միջեւ սահմանին, այստեղ սկսված խիստ ցրտի պատճառով: Կտրելով փշալարե ցանկապատները, նրանք փորձում են անցնել Լեհաստան, հայտնվելու համար Եվրամիության գոտում:
Եվրամիությունն այս իրողության համար մեղադրում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարությանը, որը միգրանտների հարցը դարձնում է քաղաքական լծակ` մարդկանց կյանքն այսպիսով դնելով վտանգի տակ: Եվրամիության պաշտոնատար անձինք հայտարարում են, թե Բելառուսի իշխանությունները խրախուսել են, որ հիմնականում Մերձավոր Արեւելքի, Աֆղանստանի ու աֆրիկյան երկրկների միգրանտներն այս տարածքով փորձեն անցնել Լեհաստան, եւ այս իրավիճակը ստեղծել` Մինսկի դեմ իրականացվող պատժամիջոցներին ի պատասխան:
Սահմանազատ ցանկապատի մոտ այս օրերին բռնությունները շարունակվում են, երբ սահմանն անցելու փորձի ժամանակ միգրանտները ջարդում են ցանկապատը, կտրում փշալարերը: Սկսված բախումների արդյունքում մինչ այժմ յոթ միգրանտ է մահացել:
Սահմանի երկայնքով տարածվող անտառներում երեքշաբթի օրը գրանցվել է սառնամանիքային եղանակ:
Բելառուսի նախագահի կառավարությունը, որը վայելում է Ռուսաստանի աջակցությունը, հերքում է այս ճգնաժամը արհեստական կերպով ստեղծելու Եվրամիության մեղադրանքները եւ իր հերթին Երամիությանն ու ԱՄՆ-ին է դատապարտում այս կացության համար:
Լարվածությունը Բելառուսի եւ Լեհաստանի միջեւ սրվեց, երբ երկուշաբթի օրը մոտ 4000 միգրանտներ հասան սահմանային ցանկապատին:
Ցրտից պաշտպանվելու համար այստեղ կուտակված հազարավոր միգրանտներն այրում են անտառներում կտրած ծառերը: Նրանք ունեն սննդամթերքի եւ ջրի խիստ պահանջ:
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեին ասել է, թե իր երկիրը պատրաստ է այս հարցի շուրջ բանակցություններ սկսել Եվրամիության հետ:
Լեհաստանի վարչապետ Մատեուս Մորավիեցկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է մեղադրում միգրանտների այս ճգնաժամն առաջ բերելու մեջ:
Ըստ Կրեմլի կողմից հրապարակված հայտարարության, Պուտինը Մերքելին ասել է, թե այս հարցով Եվրամիությունը պիտի Բելառուսի հետ սկսի ուղիղ բանակցություններ:
ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը միգրանտների այս ճգնաժամի նկատմամբ Բելառուսի կեցվածքը համարում են եվրոպական երկրներում իրադրությունն ապակայունացնելու եւ անվտանգությանը սպառնալու փորձ:
Լեհաստանը սահմանին տեղակայել է 12 հազար թվակազմով սահմանապահ ուժեր: