Երկրագնդի կլիմայի փոփոխության վրա ամենամեծ ազդեցությունը գործող նյութը քարածուխն է: Կլիմայի փոփոխության հարցերով Գլազգոյում անցկացված վեհաժողովի ժամանակ մոտ քառասուն երկրներ խոստացան, որ հարուստ երկրները մինչեւ 2030 թվականը, ավելի աղքատ երկրները մինչեւ 2040 թվականը լիովին կհրաժարվեն այդ վառելանյութից:
Նրանց միացան մի շարք միջազգային բանկեր ու ֆինանսական հաստատություններ, որոնք պարտավորվեցին դադարեցնել ներդրումները քարածխով աշխատող կայաններում:
Սակայն գործարքը չստորագրեցին քարածխի ամենախոշոր սպառողներ համարվող Չինաստանը, ԱՄՆ-ը, Ավստրալիան ու Հնդկաստանը, երբ ածխաթթու գազի արտանետումների ծավալներն այսօր նորից վերադաձել են նախահամաճարակային մակարդակին:
25 երկրներ, որոնց միացավ նաեւ Միացյալ Նահանգները, խոստացան մինչեւ հաջորդ տարվա ավարտը դադարեցնել այլ երկրներում հանածո վառելանյութերի նախագծերի պետական ֆինանսավորումը: Այս գործարքից հրաժարվեցին այս բնագավառում մեծ ներդրումներ իրականացնող Չինաստանը, Ճապոնիան ու Հարավային Կորեան:
Մեծ Բրիտանիան, որը, ըստ վարչապետ Բորիս Ջոնսոնի, քարածխի արդյունահանումից հրաժարվելու նպատակ ունեցող երկրներից է, այս պահին քննարկում է պողպատի ձուլման նպատակով քարածխի նոր հանք շահագործելու հարցը: Նա դա պատճառաբանում է այդ մարզի տեղական շահերով:
Բացի այդ, Գլազգոյից ոչ հեռու ծրագրվում է շահագործել նավթի նոր հանք:
Իսկ Էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարում է, որ եթե Գլազգոյի վեհաժողովում տրված բոլոր խոստումներն արդեն իրականացված լինեին, համաշխարհային ջերմացումը կմնար մինչեւ երկու աստիճանի սահմաններում: Դրանից ավելի ջերմացումը երկրագնդին սպառնում է մեծ աղետներով: