Անցյալ ամիս Թուրքիայում իրանցի գործակալների աղմկահարույց ձերբակալությունը, ըստ վերլուծաբանների, հարևանների միջև աճող լարվածության վերջին նշանն է։
Ըստ Թուրքիայի, նշված իրանցիները փորձել են առևանգել իրանցի մի այլախոհի:
Միջադեպը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Կովկասյան տարածաշրջանում ուժգնանում է պայքարն Իրանի ու Թուրքիայի միջեւ:
Ըստ փորձագիտական եզրակացությունների, Ադրբեջանի կողմից թուրքական և իսրայելական ռազմական տեխնիկայի կիրառման արդյունքում Լեռնային Ղարաբաղից հայկական ուժերի հետքաշումից հետո տարածաշրջանում նվազել է Իրանի դերը:
Ինչպես ‘’Չեթըմ հաուս’’-ը ներկայացնող վերլուծաբան Գալիփ Դալայն է ասում, «Այժմ սերտացել են իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, ավելի են սերտացել թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Սրանց արդյունքում Կովկասում աշխարհաքաղաքական նոր իրողություն է առաջ եկել, երբ կրճատվել է Իրանի դերը, ի հակադրություն այստեղ Թուրքիայի դերի մեծացման, որին զուգահեռ Ռուսաստանն այստեղ հաստատել է իր առաջնահերթությունը: Փաստեր, որոնք մեծապես են մտահոգում Իրանին»:
Իրանը այժմ փորձում է զարկ տալ դիվանագիտական ջանքերին: Բացի այդ, տասնամյակների ընթացքում առաջին անգամը լինելով, Թեհրանը զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանի վրա:
Ըստ ‘’Գերմանական Մարշալ’’ հիմնադրամի Անկարայի գրասենյակի փորձագետ Օզգուր Ունլուհիսարչիքլիի, «Այժմ Իրանը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա։ Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև Կովկասի հետ կապված դիվանագիտական հարաբերությունները սերտանում են. Իրանը կազմակերպվում է, զորավարժություններ է անցկացնում հենց Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Այնպես որ, կարելի է ասել, որ տարածաշրջանում լարվածություն կա, որը կարող է կրել տեւական բնույթ», ասում է նա։
Բացի այդ Իրանին անհանգստացնում են Պակիստանի հետ Թուրքիայի խորացող ռազմական կապերը: Հիշեցնենք, որ Թուրքիան և Պակիստանը սուննի մահմեդական երկրներ են, Իրանը` շիա:
Իրանի ճգնաժամային իրավիճակում հայտնված տնտեսությունը մեծապես է կախված Թուրքիայի հետ առևտրից, ինչն էլ, մեծաթիվ վերլուծաբանների խոսքերով է Անկարային թույլ տալիս կոշտ դիրքորոշում ընդունել ընդդեմ Թեհրանի: