Երեքշաբթի օրը ԱՄՆ Վիրջինիա և Նյու Ջերսի նահանգներում ընթանում են նահանգապետի ընտրություններ, որոնք կարևոր են՝ հաշվի առնելով հաջորդ տարի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները:
Վիրջինիայում դեմոկրատ Թերի Մաքքոլիֆը, ով 2014 թ-ից 2018 թվականները զբաղեցրել է նահանգի նահանգապետի պաշտոնը, դիմակայում է հանրապետական Գլեն Յանգկինին, ով նոր է քաղաքական ասպարեզում: Մաքքոլիֆը հաջողությամբ քննադատում է Յանգկինին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջինիս կապի համար:
Նա հայտարարել է, որ վերջ կդնի Դոնալդ Թրամփի ապագա ծրագրերին Վիրջինիայում՝ ընդգծելով, որ երկու անգամ արդեն հաղթել է Թրամփի թիմին և պատրաստվում է ևս մեկ անգամ հասնել հաջողության:
Իր հերթին Յանգկինն իր աջակիցներին ասել է, որ այս ընտրությունները հանրաքվե են հանուն Վիրջինիայի սահմաններից դուրս գտնվող դպրոցների ապագայի: Նրան է աջակցում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Երկուշաբթի երեկոյան հանրապետականների հանրահավաքին Գլեն Յանգկինն ասել է, որ մշտապես ստանում է գրառումներ իր աջակիցներից, ովքեր խնդրում են տեր կանգնել իրենց և իրենց երեխաներին, պաշտպանել նրանց իրավունքները: Ըստ Յանգկինի, նրա աջակիցները մատնացույց են անում Վիրջինիայի դպրոցներում առկա խնդիրները: Նա հավաստիացրել է իր աջակիցներին, որ պատրաստ է պաշտպանել իրենց իրավունքներն ընթացող ընտրությունների միջոցով:
Նյու Ջերսիում նահանգապետ Ֆիլ Մերֆին ձգտում է դառնալ նահանգում առաջին վերընտրված դեմոկրատ նահանգապետը: Նրա քաղաքական մրցակիցն է նահանգի նախկին օրենսդիր հանրապետական Ջեք Չիատտարելին: