Ամերիկացի օրենսդիրները նախօրեին կոչ են արել Բայդենի վարչակազմին չվաճառել Թուրքիային F-16 կործանիչներ և սպառնացել են արգելափակել նման գործարքը՝ պատճառաբանելով, որ Թուրքիան գնել է ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգեր և իրեն չի պահում որպես բարեկամ դաշնակից։
ՆԱՏՕ-ի անդամն երկրներ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վերջին տարիներին լարված են Սիրիայի հարցում քաղաքական տարաձայնությունների, Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման և Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների պատճառով:
Հանդիպումից հետո Սպիտակ տունը տարածել է հաղորդագրություն կողմերի միջև հանդիպման մասին, ըստ որի՝ հանդիպմանը նախագահ Բայդենն ընդգծել է իր ցանկությունը՝ պահպանել կառուցողական հարաբերություններ Անկարայի հետ, ընդլայնել համագործակցության ոլորտները և արդյունավետ կառավարել կողմերի միջև առկա տարաձայնությունները։ Բայդենը երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Թուրքիայի՝ շուրջ երկու տասնամյակ ունեցած ներդրման համար։
Ըստ Սպիտակ տան՝ առաջնորդները քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղանստանցիներին մարդասիրական օգնության տրամադրումը, Լիբիայի ընտրությունները, իրավիճակը Արևելյան Միջերկրածովում և դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում։
Նախագահ Բայդենը վերահաստատել է կողմերի պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, սակայն ընդգծել է ԱՄՆ-ի մտահոգությունները Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի ձեռք բերման կապակցությամբ։ Նա նաև շեշտել է ամուր ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքները հարգելու և օրենքի գերակայության կարևորությունը խաղաղության և բարգավաճման համար:
Իր հերթին Թուրքիայի նախագահ Էրդողանը կիրակի օրը հանդիպումից հետո հայտնել է, որ ամերիկացի իր գործընկեր Ջո Բայդենի մոտ արձանագրել է «դրական մոտեցում» F-16 կործանիչների գնման Թուրքիայի խնդրանքի հանդեպ, սակայն վերահաստատել է Անկարայի անհանգստությունը Սիրիայում քրդական YPG-ի զինյալներին ԱՄՆ-ի աջակցության կապակցությամբ:
Ըստ Ռոյթերս գործակալության՝ հանդիպմանը Բայդենը Էրդողանին ասել է նաև, որ Թուրքիայի կողմից F-16-ի գնման խնդրանքը պետք է անցնի ԱՄՆ-ում պաշտոնականա ընթացակարգով: Նա նաև բարձրացրել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտման հետ կապված հարցեր։