Մեկնարկել է նախագահ Բայդենի այցն Իտալիա

ԱՄՆ նախագահն այցելել է Իտալիա, ուր հանդիպել տարբեր երկրների առաջնորնդերին: Նախագահը Հռոմում կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, իսկ այնուհետև կմեկնի Շոտլանդիա՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր տիկին Ջիլ Բայդենի հետ ուրբաթ օրը հոկտեմբերի 29-ին ժամանեց Իտալիա՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Գագաթնաժողովից հետո Բայդենը կմեկնի Գլազգո, Շոտլանդիա՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP26 համաժողովին մասնակցելու համար:

Ըստ Ռոյթերս գործակալության՝ նախագահ Բայդենն այսպիսով ցանկանում է արտաքին աշխարհին ազդակ ուղարկել, որ ԱՄՆ-ը վերանայել է իր արտաքին քաղաքականությունը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան առաջնային» քաղաքականությունից հետո: Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կքննարկվեն էներգակիրների սակագները, Իրանի միջուկային ծրագիրը և մատակարարման շղթայի հետ կապված հարցեր, այս շաբաթվա սկզբին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նախագահ Բայդենն Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հանդիպմանը «վերահաստատել է ամերիկա-իտալական երկկողմ հարաբերությունների ամրությունը և շնորհակալություն հայտնել վարչապետին՝ անցած տարվա ընթացքում G20-ին առաջնորդելու համար», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի և Իտալիայի առաջնորդները քննարկել են կորպորատիվ գլոբալ հարկի ներդրման հետ կապված հարցեր, ինչպես նաև պայքարը համաճարակի և կլիմայի փոփոխության դեմ։ Բայդենը շնորհակալություն է հայտնել Դրագիին՝ աֆղան ժողովրդին աջակցելու հարցում Իտալիայի ակտիվ մասնակցության համար։ Նրանք նաև քննարկել են միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգությունը և ՆԱՏՕ-ի ջանքերը՝ «բոլոր ռազմավարական ուղղություններից եկող սպառնալիքներից» պաշտպանվելու ուղղությամբ, նշում է Սպիտակ տունը: Այնուհետեւ Բայդենը հանդիպել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։

Բայդենը երկկողմ բանակցություններ է վարել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Անցյալ ամիս երկու եկների միջև դիվանագիտական ճգնաժամ էր բռնկվել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև ստորագրված Հնդկ-խաղաղօվկիանոսյան անվտանգության պայմանագրի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Մակրոնն ասել է, որ իր բանակցությունները Բայդենի հետ «կարևոր… բանալի են դեպի ապագա նայելու համար», հաղորդում է Reuters-ը: Ջո Բայդենն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղեմի ու հավատարիմ դաշնակից չունի, քան Ֆրանսիան։ Նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգները կարող է աշխատել Ֆրանսիայի հետ աշխարհի ցանկացած տարածաշրջանում՝ ընդգծելով, որ երկու երկրներն էլ աշխատում են վերջին տարաձայնությունները կարգավորելու ուղղությամբ։

Ուրբաթ օրը Վատիկանում նախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Հանդիպումը սովորականից ավելի երկար է տևել. Հռոմի Պապն ու նախագահը մոտ մեկուկես ժամանոց հանդիպում են ունեցել։ 2017 թվականին Հռոմի Պապի հանդիպումը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ տեւել է մոտ 30 րոպե, իսկ 2014 թվականին նրա զրույցը Բարաք Օբամայի հետ՝ մոտ 50 րոպե։

Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին «աղքատներին... և նրանց, ովքեր տառապում են սովից, հակամարտություններից և հալածանքներից ամբողջ աշխարհում պաշտպանելու համար», ինչպես նաև «կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում նրա առաջնորդության և համաճարակը դադարեցնելու ջանքերի համար»:

Առաջին իսպանախոս պապի և ԱՄՆ պատմության մեջ երկրորդ կաթոլիկ նախագահի հանդիպումը տեղի ունեցավ ԱՄՆ-ում կաթոլիկների միջև ծավալվող բանավեճի պայմաններում կանանց հղիության արհեստական ընդհատման իրավունքների շուրջ: Նախագահ Բայդենը, ով եկեղեցում մասնակցում է ամենշաբաթյա պատարագին և պապի լուսանկարը պահում իր սեղանին Օվալաձև աշխատասենյակում, ասում է, որ ինքն անձամբ դեմ է հղիության արհեստական ընդհատմանը, բայց չի կարող իր տեսակետները պարտադրել ուրիշներին՝ որպես երկրի ընտրված առաջնորդ: