ԱՄՆ-ի նախագահը ներկայացրել է իր նախկին ծրագրի կրճատված տարբերակը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը ներկայացրել է 1 տրիլիոն 750 միլիարդ դոլարիի ծախսերի մի ծրագիր, որը նրա կողմից նախկինում ներկայացված ծրագրի մոտ կեսն է կազմում: Նախագահի խոսքերով, այս ծրագրի նպատակը ‘’ամերիկյան ընտանիքներին աջակցություն ցուցաբերելն է եւ ջերմոցային գազերի արտանետումների ծավալները կրճատելը’’:

Բայդենն այս ծրագիրը ներկայացրել է Կոնգրեսում դեմոկրատ օրենսդիրների հետ վաղ առավոտյան հանդիպման ժամանակ, այնուհետև Սպիտակ տնից հանդես է եկել այն հաստատելու կոչով 23 րոպե տևողությամբ ելույթով:

‘’Որեւէ մեկը լիովին չի ստանում այն, ինչ ցանկանում է: Ես նույնպես չստացա այն, ինչ ցանկանում էի ստանալ: Ահա այստեղ է փոխզիջման կարեւորությունը: Միշտ եմ ասել, որ մեծ գործեր կատարելու համար ամենակարեւորը փոխզիջումների գնալն է’’, ասել է Բայդենն իր ելույթում:

Բայդենը դեմոկրատ օրենսդիրներին ասել է, որ կրճատված ծրագիրը Կոնգրեսում քաղաքական առաջադեմ և չափավոր դեմոկրատների լայն շրջանակի հետ ինտենսիվ բանակցությունների արդյունք է:

Նա նշել է մասնավորապես կենտրոնամետ երկու օրենսդիրների հետ իր շարունակական բանակցությունները, ովքեր դեմ էին 3,5 տրիլիոն դոլարի արժողությամբ ծրագրին: Խոսքը սենատորներ Ջո Մենչինի եւ Քրիսթեն Սինեմայի մասին է:

Ինչպես Սպիտակ տունն է հաղորդում. «Նախագահ Բայդենը վստահ է, թե սա այն տարբերակն է, որը կարող է անցնել Կոնգրեսի երկու պալատներում»:

Առայժմ սակայն դեռեւս պարզ չէ, թե արդյոք Կոնգրեսում դեմոկրատական թեւում հակադիր կարծիք ունեցող կոնգրեսականները վստա՞հ են, որ կրճատված այս ծրագիրը կընդունվի, թե ոչ: Խոսքը նաեւ առանձին 1 տրիլիոն 200 միլիարդ դոլարի համարժեք ծրագրի մասին է, որի նպատակը երկրում հնացող ճանապարհներն ու կամուրջները վերակառուցելն է եւ ամբողջ երկրի տարածքում գերաարագ ինտերնետային ցանցի տարածումը: