Վեց խոշորագույն տերությունների հետ բանակցությունները կվերսկսվեն մինչև նոյեմբերի վերջ, չորեքշաբթի օրը թվիթերյան իր էջում գրել է Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Ալի Բաղերի Կանին Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումից հետո:
«Շատ լուրջ և կառուցողական երկխոսություն ունեցանք հաջող բանակցությունների համար էական տարրերի շուրջ: Մենք համաձայն ենք բանակցությունները սկսել մինչև նոյեմբերի վերջը: Հստակ ամսաթիվը կհայտարարվի հաջորդ շաբաթվա ընթացքում», գրել է նա:
Ապրիլին Իրանը և համաշխարհային վեց տերությունները սկսեցին բանակցություններ`՝ վերականգնելու միջուկային հարցերով միջազգային համաձայնագիրը, որից ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է բերել 2018 թվականին և կրկին սահմանել պատժամիջոցներ ընդդեմ Թեհրանի, ինչի արդյունքում մեծապես վնասվել է Իրանի տնտեսությունը:
Բանակցությունները դադարեցվել են հունիս ամսից ի վեր` Էբրահիմ Ռաիսիի ընտրվելուց երկու օր անց:
Անհանգստացած Իրանի միջուկային ծրագրի առաջխաղացման փաստով՝ Արևմտյան տերությունները կոչ են անում Թեհրանին վերադառնալ բանակցություններին:
2019 թվականից ի վեր Իրանն աստիճանաբար խախտել է միջուկային համաձայնագրով միջուկային ծրագրի շրջանակներում իրեն տրված սահմանները, սակայն միեւնույն ժամանակ հայտարարում է, որ միջուկային բնագավառում իր քայլերը շրջելի են, եթե ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չեղարկի Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները։