Ինչ հույսեր է տալիս կլիմայի հարցերով Գլազգոյի գագաթաժողովը

2015 թվականի Փարիզի կլիմայական հարցերով գագաթաժողովի ժամանակ աշխարհի երկրների առաջնորդները խոստացան համաշխարհային ջերմացման մակարդակը պահպանել Ցելսիուսի 1.5 աստիճանի սահմաններում: Այսինքն` թույլ չտալ, որ մինչարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ երկրագնդի ջերմության բարձրացումն անցնի մեկ եւ կես աստիճանը: Սակայն ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, այդ խոստումները տարբեր երկրներում չեն համապատասխանում իրականացվող քաղաքականությանը:

Զեկույցը նախազգուշացնում է, որ արտանետումների ծավալները կրճատելու ուղղությամբ իրականացվող ներկա քայլերը ջերմոցային գազերի ծավալները մինչեւ 2030 թվականը կկրճատեն 7.5 տոկոսով: Մինչդեռ երկրագնդի ջերմացման մակարդակը 1.5 աստիճանի սահմաններում պահելու համար պահանջվում է արտանետումների ծավալների կրճատում 55 տոկոսով:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Փեթերի Թաալասի խոսքերով, երկրագունդն այսպիսով գնում է դեպի 2.5-ից 3 աստիճանի ջերմացում:

Իսկ ի՞նչ է այն նշանակում երկրագնդի համար:

‘’Չեթըմ հաուս’’ կազմակերպության կողմից վերջերս հրապարակված զեկույցի համաձայն, շոգի հետեւանքով տարեց մարդկանց շրջանում մահացությունների թիվն աճել է 54 տոկոսով: 2018 թվականին շոգից 296 հազար մարդ է մահացել:

Նույն կազմակերպությունից Դանիել Քիգինն ասում է, թե 400 միլիոն մարդ շոգի արդյունքում այլեւս չի ունենա դրսում աշխատելու հնարավորություն:

Ջերմային ալիքներն ու երաշտը մեծ ազդեցություն կունենան համաշխարհային պարենային անվտանգության վրա։ Բուսաբուծության ձախողումը և վնասատուների և հիվանդությունների տարածվածության աճը, ինչպիսին է մորեխի ժանտախտը Արևելյան Աֆրիկայում անցյալ տարի, կհանգեցնեն գների աճի:

Ավելի բարձր ջերմաստիճանը հանգեցնում է ավելի ինտենսիվ արևադարձային փոթորիկների և ջրհեղեղների: Ավելի երկարաժամկետ հեռանկարում, սառույցի հալոցքը կհանգեցնի ծովի մակարդակի բարձրացմանը՝ վտանգի տակ դնելով ափամերձ քաղաքները:

Մինչ աշխարհի երկրների առաջնորդները պատրաստվում են Գլազգոյի համաժողովին, մեր մոլորակին և մարդկությանը սպառնացող վտանգները մեծանում են, եւ երկրագնդից հասցվող վնասը դառնում անդառնալի:

Գիտնականներն ասում են, որ Գլազգոյի գագաթաժողովի արդյունքը կազդի մեզնից յուրաքանչյուրի վրա աստիճանաբար ջերմացող Երկիր մոլորակում: