Եվրախորհրդարանը Մարդու իրավունքների եվրոպական բարձրագույն մրցանակը շնորհել է անազատության մեջ գտնվող ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմի դեմ պայքարելու համար: Դրա մասին չորեքշաբթի օրը հայտարարեցին եվրոպացի օրենսդիրները:
«Ալեքսեյ Նավալնին մեծ խիզախություն է ցուցաբերել ռուսաստանցիների ընտրության իրավունքի ազատությունը վերականգնելու իր ջանքերում: Երկար տարիներ նա պայքարել է իր երկրում հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Դրա համար նա վճարել է իր ազատությամբ ու նաև իր կյանքի գնով: Եվրախորհրդարանի անունից կոչ եմ անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրան: Իշխանությունների կողմից ընդդիմության, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների դեմ բոլոր ոտնձգությունները, ահաբեկումները և հարձակումները պետք է դադարեցվեն»,- հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հայութալուն:
Այժմ 45-ամյա Նավալնին դատապարտված է երկուսուկես տարվա ազատազրկման: Իշխանությունները պնդում են, որ Նավալնին խախտել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները 2014 թ-ի դատավճռի հիմնա վրա, որն, ըստ Նավալնիի, ունի քաղաքական դրդապատճառներ:
Ըստ ՌԴ դատարանի՝ Նավալնին չի տեղեկացրել իշխանություններին իր գտնվելու վայրի մասին, երբ գրեթե մահամերձ տեղափոխվել է Գերմանիա թունավորումից հետո:
Եվրոպացի բժիշկ-փորձագետները պնդում են, որ նա թունավորվել է խորհրդայինժամանակաշրջանի նյարդային համակարգի վրա ազդող Նովիչոկ տեսակի քիմիական զենքով:
Նավալնին ձերբակալվել էր անցյալ տարվա հունվարին, երբ նա վերադարձավ Ռուսաստան ՝ թունավորումից ապաքինվելուց հինգ ամիս անց:
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Նավալնիի թունավորման և ազատազրկման հետևանքով: Կրեմլը շարունակում է հերքել թունավորման հարցում մեղադրանքները՝ ԵՄ -ը մեղադրելով Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու մեջ:
59 հազար դոլարի պարգեւ նախատեսող Սախարովի անվան մրցանակը կտրամադրվի դեկտեմբերին Ֆրանսիայում կայանալիք արարողության ժամանակ: Նախկին մրցանակակիրների թվում են Հարավային Աֆրիկայի նախագահ Նելսոն Մանդելան, Պակիստանի կրթության ակտիվիստ Մալալա Յուսուֆզայը և Վենեսուելայի ժողովրդավարական ընդդիմությունը:
Այս տարվա թեկնածուների թվում են մի խումբ աֆղանստանցի կանայք և բանտարկված բոլիվիացի քաղաքական գործիչ և նախկին ժամանակավոր նախագահ Ջանին Անեսը: