Ռուս-ադրբեջանական հարաբերությունները Հարավային Կովկասի ամենաբարդ և դժվար ընկալելի հարաբերություններից են, գտնում է վերլուծաբան Լորենս Բրոյերսը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական հետպատերազմյան հարաբերություններին: Վերլուծաբանի կարծիքով՝ Ադրբեջանը ռուսական ռազմական ներկայության բացակայությունը հետխորհրդային շրջանում որակում էր որպես մեծ ձեռքբերում, սակայն իրադրությունը փոխվեց անցած տարվա պատերազմից հետո:
՛՛Այսօր գոյություն ունի կարծիք, որ Ռուսաստանը միակ հաղթողն է ղարաբաղյան պատերազմում, և կարճաժամկետում դա կարող է լինել ճիշտ: Այսօր Ռուսաստանը ձեռք է բերել ավելի մեծ լծակներ, սակայն այդ լծակները ռիսկային են ռուս -ադրբեջանական երկկողմ հարաբերությունների համար՛՛,- գտնում է Բրոյերսը:
Նրա կարծիքով՝ Բաքուն իր դժգոհությունն է արտահայտել՝ կապված խաղաղապահ առաքելության կիրառած տերմինաբանության, ԼՂ բնակչության հետ խաղաղապահների փոխգործակցության պատճառով: Ադրբեջանում նաև մտահոգված են, որ ժամանակի ընթացքում ԼՂ-ի նկատմամբ ռուսական պրոտեկտորատն ավելի ու ավելի կնմանվի Հարավային Օսիային: Նա ռուս-ադրբեջանական հարաբերություններում առանձնացնում է խաղաղապահ ուժերի հարցը որպես հարաբերությունները գրգռող հիմնական գործոն:
՛՛Սա կարևոր խնդիր է, հատկապես Բաքվի համար, թե ինչպիսի հանգուցալուծումներ կան խաղաղապահ առաքելության հարցում: Այն խոչընդոտում է մանդատի սահմանման գործընթացը: Եվ դա է լինելու առանցքային խնդիրը, որը ժամանակի ընթացքում էլ ավելի շատ կխորանա՛՛,- ասում է Բրոյերսը:
Բրոյերսը չի բացառում, որ Բաքվում առկա է համոզմունք, որ ռուս-ադրբեջանական կապերը, ինչպես նաև անձնական մակարդակում երկու երկրների նախագահների լավ հարաբերությունները կօգնեն համաձայնության հասնել Մոսկվայի հետ: Կարծում եմ՝ երկու կողմերն էլ կփնտրեն հարցերի և հնարավոր փոխզիջումների ավելի լայն շրջանակ, որը կներառի նաև ԼՂ անվտանգության հետ կապված հարցեր, գտնում է Բրոյերսը:
Իր հերթին, ՛՛Ատլանտյան խորհուրդ՛՛ հաստատության վերլուծաբան Ջեֆրի Գեդմինի կարծիքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններն անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն անցած տարվա զարգացումների, այլ նաև ավելի լայն համատեքստում:
՛՛Ռուսաստանը ձգտում է հետխորհրդային տարածքի յուրաքանչյուր հատվածում վերականգնել, եթե ոչ վերահսկողությունը, ապա առնվազն ազդեցությունը՝ համոզվելու համար, որ հետխորհրդային որևէ տարածք, երկիր կամ տարածաշրջան չի շարժվում դեպի արևմուտք, այլ մնում է ազդեցության այն տիրույթում, որը կոչվում է Ռուսաստան՛՛,- ասում է Գեդմինը:
Գեդմինը շեշտում է՝ հետխորհդային երկրների հետ կապված հարցերում գերիշխող են հետխորհրդային երկրների նկատմամբ Մոսկվայի որդեգրած քաղաքականությունը և Ռուսաստան-Արևմուտք հակասությունները: Ըստ նրա՝ այսօր նախագահ Պուտինի ղեկավարած Ռուսաստանը փորձում է վերադարձնել կորսված իր աշխարհաքաղաքական դիրքերը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում: