Համավարակի դեմ երրորդ չափաբաժնի կարեւորությունը եւ հիվանդությունը բուժող դեղի հետ կապված հույսերը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկուշաբթի օրը կոչ է արել, որ անբավարար իմունային կարողություններ ունեցող անձինք ստանան COVID-19-ի դեմ պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժին:

Ըստ կազմակերպության, իմունային համակարգի հարցերով փորձագետներն ասել են, թե իմունային թույլ համակարգ ունեցող անձինք պատվաստումներից հետո նորից որոշ չափով մնում են խոցելի, եւ ունեն հավելյալ չափաբաժին ստանալու կարիք:

Փորձագետների խումբը նաեւ առաջարկում է, որ երրորդ չափաբաժնով պատվաստվեն նաեւ 60-ն անց այն անձինք, որոնք պատվաստվել են չինական արտադրության ‘’Սինոֆարմ’’ եւ ‘’Սինովակ’’ պատվաստանյութերով: Նրանք իրենց այս կոչը բացատրում են Լատինական Ամերիկայի երկրներում անցկացրած ուսումնասիրությունների արդյունքով:

Փորձագետների այս խումբը, որն ընդգրկում է անկախ մասնագետներ, եւ որոնց պատասխանատվությունը սահմանափակվում է միայն խորհուրդներ տալով, նոյեմբերի 11-ին անցկացվելիք հանդիպման ժամանակ ներկայացնելու են աշխարհում խթանիչ չափաբաժնի հետ կապված փաստերը:

Աշխարհում մինչ այժմ կիրառվել է համավարակի դեմ 3.5 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ: Ամեն ամիս արդեն հասանելի է մոտ մեկ եւ կես միլիարդ չափաբաժին, ինչը նշանակում է, որ մինչեւ տարեվերջ աշխարհում բոլոր երկրների բնակիչների քառասուն տոկոսը կլինի պատվաստված:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սպասում է քովիդ հիվանդության մեղմ ու միջին բարդության տեսակների դեմ Merck ընկերության կողմից արտադրված դեղամիջոցի կլինիկական փորձերի արդյունքին: Ինչպես կազմակերպության խոսնակ Քրիսչըն Լինդմայերն է ասում, ‘’Սա շատ հետաքրքիր ու կարեւոր զարգացում է: Եթե պարզվի, որ դեղամիջոցն իրոք բուժում է արդեն հիվանդացած անձանց, ուրեմն այն կդառնա այս համավարակի դեմ երկրորդ ամենաուժեղ զենքը’’:

‘’Մոլնուպիրավիր’’ անվանումը կրող դեղամիջոցը մեղմ ու միջին բարդությամբ վարակված հիվանդների շրջանում կիսով չափ կրճատել է ոչ միայն հոսպիտալացման անհրաժեշտությունը, այլ նաեւ գրանցված մահերի թիվը: