Pfizer և BioNTech-ը մտադիր է ԱՄՆ-ում պատվաստել 5-ից 11 տարեկան երեխաներին

Pfizer և BioNTech ընկերությունները ԱՄՆ-ի իշխանություններին խնդրել են իրենց թույլատրել COVID-19-ի դեմ պատվաստանյութի անհապաղ կիրառումը 5-ից 11 տարեկան երեխաների համար: Սա այն տարիքն է, որոնց այս պահին պատվաստումների ենթարկել չի թույլատրվում:

Երեխաների նկատմամբ պատվաստանյութի անվտանգությունն ուսումնասիրելու նպատակով փորձարկումներ են անցկացվել Դյուքի համալսարանի բժշկագիտական դպրոցում: Փորձերին մասնակցած երկու երեխաներից մեկը յոթնամյա Լիդիան է, մյուսը` նրա հնգամյա քույր Բրիդջեթը:

Երկու աղջիկներն էլ պատվաստանյութն ընդունելու պահին եղել են հանգիս վիճակում: Միայն Բրիդջեթն է հորը խնդրել բռնել իր ձեռքը:

ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունը իր խորհրդականների մասնակցությամբ Pfiizer-ի դիմումը քննարկելու է հոկտեմբերի 26-ին: Դիմումը հաստատվելու դեպքում Pfizer/BioNTech ընկերությունների արտադրած պատվաստանյութով պատվաստման կենթարկվի նշված տարիքային գոտում գտնվող 28 միլիոն երեխա:

ԱՄՆ-ում այս պատվաստանյութով արտակարգ իրադրոթյունների պայմաններում պատվաստման իրավունք է տրված 12-15 տարեկանների համար: 16-ից բարձր տարիք ունեցող բոլոր անձանց համար պատվաստանյութը թույլատրելի է:

Pfizer/BioNTech-ի պատվաստանյութն ԱՄՆ-ում կիրառության մեջ գտնվող երեք պատվաստանյութերից մեկն է: Մյուս երկուսն են Moderna-ն եւ Johnson & Johnson-ը, որոնցից եւ ոչ մեկը մինչ այժմ չի ստացել տարիքային բոլոր խմբերին պատվաստելու թույլտվություն:

Pfizer/BioNTech-ին այս իրավունքը տալու հանգամանքը կարող է օգնել մեղմացնել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում հիվանդության դեպքերի հնարավոր աճը, երբ ամբողջ երկրում բաց են բոլոր դպրոցները, եւ մոտեցող ցրտի պատճառով բացօթյա միջոցառումները շուտով կանցկացվեն շենքերի ներսում: