Ժամանակին ծխախոտն էր, այսօր` ‘’Ֆեյսբուք’’-ը

Facebook սոցիալական հսկա ցանցը, որը նաեւ Instagram-ի եւ WhatsApp-ի սեփականատերն է, նորից հայտնվել է ուշադրության կենտրոնում:

Ինչպես ընկերության նախկին աշխատակից Ֆրանսիս Հոգենն է ասում, ‘’Ֆեյսբուք’’-ի պարունակությունը վնասում է երեխաներին, սերմանում բաժանումներ ու թուլացնում ժողովրդավարությունը:

Սենատի լսումներին հրավիրված Հոգենը երկու տարի աշխատել է ‘’Ֆեսբուք’’ ընկերությունում որպես նախագծի ղեկավար, սակայն դրանից հետո դարձել է այս ընկերության դեմ բողոքի ձայն բարձրացնող ակտիվիստ:

Նրա խոսքերով, Facebook- ի ալգորիթմները սուտն ու կեղծիքը տարածում են ավելի արագ, քան ճշմարտությունը: Նա վկայակոչում է ապատեղեկատվական այն արշավները, որոնք տարածվել են ԱՄՆ -ում և այլուր:

Նա ասում է, թե ընկերության ղեկավարությունը գիտի, թե ինչ է հարկավոր անել ‘’Ֆեյսբուք’’-ն ու ‘’Ինստագրամ’’-ն ավելի ապահով դարձնելու համար: ‘’Սակայն նրանք չեն իրականացնում անհրաժեշտ փոփոխություններ, քանի որ իրենց աստղաբաշխական շահույթը դրել են մարդկանց առջեւ’’, ասում է նա:

Հենց ‘’Ֆեյսբուք’’-ի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն, ‘’Ինստագրամ’’-ի օգտատեր աղջիկների 32 տոկոսն ասել է, որ երբ իրենք ինչ որ վատ կարծիք են ունենում իրենց մարմնի մասին, սոցիալական այս կայքն իրենց մտահոգությունն ու հուզմունքն ավելի է խորացնում:

‘’Ֆեյսբուք’’-ի ղեկավարությունը սակայն պնդում է, թե Հոգենը միայն սահմանափակ տեղեկություններ ունի իրականացված հետոզոտությունների արդյունքների, իրականացվող փոփոխությունների մասին:

Հարուցվող վնասները կանխելու նպատակով կայքում փոփոխություններ իրականացնելու մասին կոնգրեսականների հարցերին ի պատասխան ‘’Ֆեյսբուք’’-ի անվտանգության հարցերով բաժնի ղեկավար Անթիգոն Դեյվիսն ասել է, թե ընկերությունն այդ նպատակով ներդրել է 12 միլիարդ դոլար եւ այդ ծրագրի վրա աշխատում են հազարավոր մարդիկ:

Ինչպես շատերն են ասում, ‘’Ֆեյսբուք’’-ն այսօր հայտնվել է այն կացության մեջ, որի մեջ էր մի քանի տասնամյակ առաջ հայտնվել ծխախոտի արդյունաբերությունը:

Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալի խոսքերով, ‘’Դա այն պահն էր, երբ մենք տեղեկացանք, որ ծխախոտ արտադրող ընկերությունները ոչ միայն գիտեին, որ ծխախոտն ունի քաղցկեղ առաջ բերելու ունակություն, այլ որ նրանք կատարել էին այդ ուղղությամբ ուսումնասիրություններ ու կոծկել դրանց արդյունքները’’:

Հիմա պետք է սպասել, տեսնելու համար, թե արդյոք կոնգրեսականները եւ իրավապահ մարմինները կդիմեն այնպիսի քայլերի, որոնք կսահմանափակեն ‘’Ֆեյսբուք’’-ի հարուցած ու դրա կողմից հարուցվող վնասները: Հիմա դեռեւս պարզ չէ նաեւ, թե ինչպես այդ դեպքում կարձագանքի ինքը` ‘’Ֆեյսբուք’’-ը: