Վաշինգտոնի ՀՀ դեսպանատանը նշվեց ՀՀ Անկախության 30 -րդ տարեդարձը

Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը օրերս հյուրընկալել էր Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառում բարձրաստիճան դիվանագետների, կոնգրեսականների ու հայ համայնքի շրջանակների մասնակցությամբ: Այն մեկնարկեց լռության րոպեով

ԱՄՆ-ում նորանշանակ ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն իր խոսքում կարևորեց հատկապես "Հայաստանի վերադարձը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՛՛:

"Մեր անկախության 30 -րդ տարեդարձին հպարտությամբ նշում ենք, որ ունենք վերահաստատված ժողովրդավարություն, որն այնքան կարևոր է մեր ժողովրդի համար, որը վերապրեց 44 -օրյա պատերազմի ամենածանր իրավիճակները՛՛,- իր խոսքում հայտարարեց դեսպան Մակունցը:

Հայաստանի դեսպանն ընդգծում է՝ ավելի քան մեկ դար ԱՄՆ-ը նպաստում է Հայաստանի վերականգնմանը և զարգացմանը: Նա կարևորեց Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև ընդգծեց Վաշինգտոնի դերը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Միջոցառմանը ներկա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան իր հերթին, ցավակցություն հայտնելով ԼՂ հակամարտության ընթացքում զոհերի կապակցությամբ, վերահաստատեց ԱՄՆ-ի՝ որպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հանձնառությունը՝ հասնելու ԼՂ հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը: Նա նաև ընդգծեց ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիայի հետ Հայաստանի փակ սահմանների վերաբացման ջանքերին ու Հարավային Կովկասում տնտեսական կապերի զարգացմանը:

՛՛Մենք կշարունակենք զբաղվել իրական երկխոսության հաստատմամբ, որը կհանգեցնի ԼՂ հակամարտության հետ կապված և դրա հետևանքով բոլոր չկարգավորված խնդիրների լուծմանը: Մենք կշարունակենք նաև երկկողմ ջանքերը՝ մնացած բոլոր ձերբակալվածների ազատ արձակման ուղղությամբ՛՛,- ասել է նա:

Անկախության օրվա միջոցառման ընթացքում իրենց խոսքն ուղղեցին նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնն ու Ջեքի Սփիեռը, ովքեր շեշտեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը: Նրանք ողջունեցին նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցին, ընդգծեցին հայ-ամերիկյան խորհրդարանական ակտիվ համագործակցությունը և կարևորեցին Հայաստանի ժողովրդավարության զարգացման հետագա ընթացքը:

՛՛Մենք պետք է ոգևորված լինենք Հայաստանի ապագայով, ԱՄՆ -ում ապրող ամերիկահայերի ապագայով և անենք ամեն ինչ, վստահ լինելու համար, որ Հայաստանը կշարունակի ժողովրդավարական այս ուղին՛՛,- ասաց կոնգրեսական Սփիեռը:

"Անցած տարի հայ-ամերիկյան խորհրդարանական ակտիվությունը ընդհատվեց կորոնավիրուսի համավարակի ու արցախյան պատերազմի պատճառով, սակայն այս ամենը մեզ ավելի վճռական դարձրեց, որպեսզի ԱՄՆ -ը առանցքային դեր ստանձնի Հայաստանի և Արցախի հետ համագործակցության հարցում՛՛,- նշեց կոնգրեսական Փալոնը:

Միևնույն ժամանակ միջոցառման ընթացքում ՀՀ դեսպանության առջև մի խումբ ամերիկահայ երիտասարդներ իրականացնում էին պաստառներով լուռ ակցիա՝ բողոքելով մասնավորապես միջոցառման անցկացման դեմ: Բողոքի ակցիայի կազմակերպիչները հրաժարվեցին հավելյալ մեկնաբանություններ տրամադրել ակցիայի վերաբերյալ: