Ի՞նչ կարծիք ունեն ամերիկացիները պատերազմների մասին Աֆղանստանում քսան տարի տեւած պատերազմը հափշտապ ավարտելուց հետո: Eurasia Group հիմնադրամի կողմից անցկացված հարցումների համաձայն, նրանց մեծ մասը գտնում է, որ հարկավոր է ավելի զարկ տալ դիվանագիտությանը եւ ավելի քիչ զորքեր տեղակայել աշխարհի տարբեր հատվածներում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ում վերջերս հայտարարեց, որ Միացյալ Նահանգները անցում է կատարում ‘անողոք պատերազմից դեպի անողոք դիվանագիտություն’’: Երկու հազար ամերիկացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը կողմ է այդ գաղափարին:
Eurasia Group-ի կողմից հարցման ենթարկվածների մեծ մասն ուզում է, որ Ամերիկան կրճատի այլ երկրներում տեղակայված իր զորքերի թվակազմը: 58 տոկոսն ուզում է, որ դրա փոխարեն զարկ տրվի դիվանագիտական ներգրավվածությանը:
Ինչպես հետազոտությունն անցկացրած խմբի ղեկավարներից Քերոլայն Գրեյն է ասում, ‘’Հարցման ենթարկվածների 62 տոկոսը կարծում է, որ անցած պատերազմից քաղած ամենամեծ դասն այն է, որ ԱՄՆ-ը չպիտի զբաղվեր այնտեղ պետություն կառուցելու աշխատանքներով, եւ որ Ամերիկան զորքեր պիտի ուղարկի միայն այն դեպքում, երբ մեծ վտանգի տակ է հայտնվում ԱՄՆ-ի ազգային շահը’’:
Հարցման ենթարկված 18-29 տարեկան երիտասարդների 80 տոկոսն ասել է, որ բացի ԱՄՆ-ը հարձակման ենթարկվելու դեպքերից, ԱՄՆ-ի նախագահն օվկիանոսի հակառակ կողմ զորքեր ուղարկելու համար պիտի նախ ստանա Կոնգրեսի համաձայնությունը:
Հարցման ենթարկվածների 65 տոկոսը գտնում է, որ ԱՄՆ-ը պիտի վերսկսի Իրանի հետ միջուկային հարցերով բանակցությունները: Նրանք ճիշտ չեն համարում Չինաստանի դերը կրճատելու նպատակով Արեւելյան Ասիայում ամերիկյան ռազմական ներկայությունը մեծացնելու հանգամանքը:
Կան հարցեր, որտեղ ամերիկացիներն ասում են, թե չգիտեն, որն է ճիշտը: Օրինակ նրանց քառասուն տոկոսն ասում է, որ չգիտի, թե ինչ պիտի Ամերիկան անի, եթե մի օր Չինաստանը ներխուժի Թայվան:
Միջազգային հարցերում ԱՄՆ-ի դերը բարձրացնելու միջոց է ամերիկացիների մեծ մասը համարում մարդասիրական օգնությունը, աղետների դեպքում աջակցությունը, քովիդի համավարակի հարցով օժանդակությունը:
Ամերիկացիների մեծամասնությունը ու հատկապես ավելի երիտասարդները ավելի քիչ տեղ են տալիս ռազմական աջակցությանն ու զենքերի վաճառքին: