ԱՄՆ -ն և Ռուսաստանը Ժնևում կանցկացնեն ռազմավարական բանակցությունների երկրորդ փուլը 

Պետքարտուղարությունը հայտարարեց, որ կողմերը բովանդակային զրույց կունենան՝ նպատակ ունենալով հիմքեր ստեղծել սպառազինությունների վերահսկման վերաբերյալ հետագա որոշումների համար

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հինգշաբթի կանցկացնեն ռազմավարական բանակցությունների երկրորդ փուլը, որի ընթացքում կփորձեն հարթել բազմաթիվ տարաձայնություններ, այդ թվում ՝ միջուկային զենքի և կիբերտարածության վերաբերյալ:

Պետքարտուղարությունը հայտնում է, որ Ջո Բայդենի վարչակազմի թիվ երկու դիվանագետը ըստ աստիճանակարգի՝ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, կղեկավարի ամերիկյան պատվիրակությունը Ռուսաստանի հետ ժնևյան բանակցություններում:

Միջգերատեսչական պատվիրակությունների բանակցություններին նախորդել էր հուլիսին կայացած առաջին հանդիպումը, որի ընթացքում էական առաջընթաց չէր գրանցվել:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը հունիսյան գագաթնաժողովում պայմանավորվել էին վերսկսել բանակցությունները:

Պետքարտուղարությունը հայտարարել է, որ կողմերը մտադիր են մանրամասնորեն և ակտիվ քննարկում ունենալ, որը միտված է հիմք ստեղծելու սպառազինությունների վերահսկման և ռիսկերի նվազեցման հետագա միջոցառումների համար:

Գրառումը այլ մանրամասներ չի փոխանցել, սակայն նշվում է, որ Շերմանը Ժնևից կմեկնի Բեռն, այնուհետև Ուզբեկստան և կավարտի իր ուղևորությունը Հնդկաստան և Պակիստան կատարելիք այցերով:

Հուլիսին կայացած բանակցությունների առաջին փուլից հետո ԱՄՆ -ն հայտարարեց, որ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի գլխավորությամբ Ռուսաստանի պատվիրակության հետ բանակցությունները «բովանդակային և պրոֆեսիոնալ էին», սակայն չեն հանգեցրել էական արդյունքների, բացառությամբ նոր հանդիպման մասին համաձայնությանը:

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան, ով ներգրավված էր բանակցություններում, ասաց, որ ԱՄՆ -ը գոհ է մտքերի սկզբնական փոխանակումից և հույս ունի, որ դա կդառնա «կայուն և արդյունավետ երկխոսության» սկիզբ սպառազինությունների վերահսկման և այլ ռազմավարական հարցերի շուրջ:

Նա հայտնել է, որ բանակցությունների օրակարգը չի սահմանափակվում միջուկային զենքի վերահսկման ավանդական հարցերով, այլ անդրադառնում է տիեզերքի և արհեստական բանականության, ինչպես նաև կիբերտարածության օգտագործման հարցերին՝ չնայած վերջին դեպքում քննարկումը կենտրոնանում էր ռազմավարական խնդիրների և միջուկային զենքի, այլ ոչ թե հակերային ակտիվության վրա:

Ըստ աղբյուրի՝ ռուսական կողմը, ինչպես և սպասվում էր, անհանգստություն հայտնեց ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ, և ամերիկյան կողմը պատասխանեց Վաշինգտոնի սովորական փաստարկով, որ այդ համակարգերն ուղղված են ոչ թե Ռուսաստանի, այլ Իրանից և Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքների դեմ: