Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել S-400 տիպի հակահրթիռային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դեռ մտադիր է Ռուսաստանից գնել S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակը:

Սա քայլ է, որը կարող է խորացնել ՆԱՏՕ-ի դաշնակից Վաշինգտոնի հետ Թուրքիայի արդեն իսկ առկա հակասությունները եւ դառնալ ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառ:

Վաշինգտոնը հայտարարում է, որ S-400 տիպի համակարգերը վտանգ են ներկայացնում իր F-35 մակնիշի կործանիչների եւ ՆԱՏՕ-ի պաշտպանական մյուս համակարգերի համար: Իսկ Թուրքիան պնդում է, թե իրեն չի հաջողվել գոհացուցիչ պայմաններով օդային պաշտպանության համակարգեր ձեռք բերել ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրից:

‘’Ապագայում որեւէ մեկը չպետք է ունենա կարողություն մեզ պարտադրելու համար, թե պաշտպանության ինչ համակարգեր ենք մենք ցանկանում ձեռք բերել, եւ թե որ երկրներից ենք ուզում գնել’’, ասել է Էրդողանը ամերիկյան ‘’ՍիԲիԷս’’ կայանին տրված հարցազրույցի ժամանակ:

‘’Որեւէ մեկը դա չի կարող անել: Նման որոշում կարող ենք կայացնել միայն մենք’’, ասել է նա:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ պատժամիջոցներ մտցրել է ընդդեմ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարության, ընդդեմ դրա ղեկավար Իսմաիլ Դեմիրի եւ երեք այլ պաշտոնյաների: Պատժամիջոցներն ուժի մեջ էին մտել դեկտեմբեր ամսին, երբ Թուրքիան իրականացրեց S-400 համակարգերի առաջին խմբաքանակի գնումները:

Էրդողանը եկող շաբաթ մեկնելու է Ռուսաստան, հանդիպելու համար նախագահ Պուտինին: Բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաեւ այս հարցը, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսարեւմուտքում տեղի ունեցող բռնությունները: