‘’Կկասեցվի ‘’Հյուսիսային հոսք 2’’ ծրագիրը, եթե այն վնասի Ուկրաինային’’. Գերմանիայի կանցլերի թեկնածու

‘’Անմիջապես կկանգնեցվի’’ դեպի Գերմանիա տանող ‘’Հյուսիսային հոսք 2’’ ստորջրյա խողովակաշարի նախագիծը, եթե Ռուսաստանը հարցականի տակ դնի Գերմանիայի հետ կնքված գործարքը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլերի պահպանողական թեկնածու Արմին Լաշեթը:

Մինչեւ եկող կիրակի օրը Գերմանիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները հրավիրված վերջին հեռուստաբանավեճի ժամանակ, Լաշեթն ասել է, թե իր համար կարեւորն այն է, որ առայժմ իրականացվում է Գերմանիայի պահանջը: ‘’Եվ դա աշխարհաքաղաքական երաշխիքն է, որ դրանից չի տուժի Ուկրաինան’’, ասել է նա:

‘’Գազպրոմը’’ սեպտեմբերի 10-ին էր հայտարարել, որ ավարտել է դեպի Գերմանիա տանող ‘’Հյուսիսային հոսք 2’’ խողովակաշարի կառուցումը, որը Ռուսաստանին տալիս է Բալթիկ ծովով դեպի Եվրոպա գազի արտահանման ծավալները կրկնապատկելու հնարավորություն: Այն շրջանցում է Ռուսաստանի քաղաքական հակառակորդ Ուկրաինային ու Կիեւին զրկում եկամտի այս աղբյուրից:

Հեռուստաբանավեճի ժամանակ թեկնածուներն անդրադարձան նաեւ արտաքին քաղաքական այլ հարցերի: Հարցին, թե արդյոք ինքը պաշտպանում է Եվրամիությունում Գերմանիայի ամենամտերիմ դաշնակից Ֆրանսիայի տեսակետն ու պնդումները, Սոցիալ դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Օլաֆ Շոլցն ասել է, թե ինքն ու Գերմանիայի ամբողջ կառավարությունը լիովին հասկանում են սուզանավերի վաճառքի մասին Ավստրալիայի հետ կնքված գործարքը չեղյալ հայտարարվելու շուրջ Փարիզի վրդովմունքը: Խոսքը ֆրանսիական արտադրության սուզանավեր գնելու շուրջ Ավստրալիայի հետ կայացված գործարքի մասին է, որը վերջերս չեղյալ հայտարարվեց, երբ ընդունվեց որոշում ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից միջուկային սուզանավեր գնելու մասին:

Ֆրանսիան անցյալ շաբաթ հետ կանչեց իր դեսպաններին ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից, երբ Կանբերան որոշեց չեղարկել Ֆրանսիայի հետ կնքված 40 միլիարդ դոլարի պայմանագիրը:

Լաշեթը հորդորում է Եվրոպային հանդես գալ միասնական ձայնով եւ պահաջել ավելի ընդհանուր նախագծեր, ‘’այդ թվում զենքերի մասին նախագծեր’’, եթե պատահի, որ ամերիկացիները մի օր որոշեն այստեղից հանել իրենց ուժերը’’:

‘’Մենք Աֆղանստանում տեսանք, որ ամերիկացիների հեռանալուց հետո, մենք չկարողացանք պահել նույնիսկ Քաբուլի օդանավակայանը’’, ասում է Լաշեթը: