Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Միացյալ Նահանգների նախագահը, պետքարտուղարն ու դեսպանը շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և աջակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի լուծման գործում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո վարչապետ, ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։
Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում։ Այս տարի մենք կտոնենք մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների 30 տարին։ Մենք պատրաստ ենք եկող տարիներին շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ ժողովրդավարական իր ուղին անցնելիս` աջակցելով մասնավորաբար ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջմղման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության ապահովման Ձեր ջանքերին։
Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում եղան մարդկային ողբերգական կորուստներ՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք-ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը։
Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։
Ի վերջո, մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, որի նպատակով Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել է ավելի քան 14.2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս համավարակի շրջանում մենք կշարունակենք միասին աշխատել նաև տնտեսության գլոբալ և ներառական առողջացման հարցում։
Ընդունեք Անկախության 30-ամյակի առթիվ հայ ժողովրդին ուղղված իմ լավագույն բարեմաղթանքները»։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը զարգացրել են ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքի վրա, և հավելել.
«Մենք գնահատում ենք Հայաստանի նվիրվածությունն ինչպես այս ընդհանուր արժեքներին, այնպես էլ՝ միջազգային հանձնառություններին, ինչը կենսական դերակատարում ունի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման հարցում»,- նշել է Բլինկենը:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններում, ինչպես նաև ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները վերացնելու հարցում, այդ թվում և բոլոր գերիների ազատ արձակումը, անհետ կորածների ճակատագրերի պարզումը և աճյունների ամբողջական ու արագ փոխանակումը:
Այս կարևոր օրվա առթիվ մենք շնորհավորում ենք Հայաստանին և ակնկալում ամրապնդել մեր երկկողմ սերտ հարաբերությունները»:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի շնորհավորական ուղերձում ասված է, թե Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի քաղաքացիների համար տնտեսական հնարավորություններ ստեղծելու ճանապարհով:
«Ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին՝ կատարելով առաջին քայլը անկախ ինքնիշխան պետության կարգավիճակի վերականգնման հարցում։ Այսօր, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության երեսնամյա հոբելյանը, ես տեսնում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և ավելի լավ ապագա կառուցելու վճռականությունը՝ ի հեճուկս աննախադեպ մարտահրավերների, ինչպիսիք էին գլոբալ համավարակը և անցյալ տարի Հայաստանին պատուհասած պատերազմը։ Ես տեսնում եմ, որ այս հինավուրց ժողովուրդը անկախության միջոցով կերտում է իր պատմության նոր գլուխը։ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի քաղաքացիների համար տնտեսական հնարավորություններ ստեղծելու ճանապարհով և միաժամանակ ձգտում է լուծել անվտանգային կարևորագույն խնդիրները։ Երեսուն տարիների ընթացքում հայ-ամերիկյան գործընկերության հիմքում եղել են հենց այս ընդհանուր արժեքները»,- ասված է դեսպանի ուղերձում: