ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, պատասխանելով Ամերիկայի ձայնի հայկական ծառայության հարցին վերջերս պետքարտուղարության համակարգում կադրային նոր նշանակումների վերաբերյալ, տեղեկացրել է, որ Էրիկա Օլսոնը ստանձնել է Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների և Հարավային Եվրոպայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնը:
Վերջինս մինչ այս նշանակումը զբաղվել է Հյուսիսային Եվրոպայի, Բալթյան երկրների և Արկտիկայի հարցերով, ինչպես նաև աշխատել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատանը որպես տնտեսական հարցերով խորհրդական:
՛՛Այս պաշտոնյաները միացել են գերատեսչության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյին պետքարտուղարության դիվանագիտական նշանակումների բնականոն գործընթացի ներքո՛՛,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը իր գրավոր պատասխանում:
Բացի Օլսոնից, ըստ պետքարտուղարության, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի նոր նշանակումներն են դեսպան Դերեկ Հոգանը՝ որպես փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալ, Ռոբին Դանիգանը ՝ որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ և Գաբրիել Էսկոբարը՝ որպես Հարավային Կենտրոնական Եվրոպայի և հանրային դիվանագիտության ու մամուլի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ:
՛՛Մենք ոգևորված ենք այս անձանձ նշանակման կապակցությամբ, քանի որ նրանք հսկայական փորձառություն և որակ են հաղորդում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար կազմին՛՛,- նշել է պետքարտուղարության մամլո ծառայությունը: