ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հրավիրել են մի հանդիպում իրենց դաշնակիցների հետ` քննարկելու համար Աֆղանստանում զարգացող իրադարձությունները:
Մինչեւ Գերմանիա ժամանելը, Քաթարում Բլինքենը շեշտել էր, որ Միացյալ Նահանգները եւ մյուս երկրները կոչ են անում Թալիբանին հետեւել իր իսկ կողմից տրված խոստումներին` թույլ տալու համար Աֆղանստանից ելքի արտոնագրեր ունեցող անձանց, ցանկության դեպքում, հեռանալ այստեղից:
Հիշեցնենք, որ մեծաթիվ մարդկանց չհաջողվեց դա անել մինչեւ օգոստոսի 31-ը տրված վերջնաժամկետը:
Ինչպես Պետդեպարտամենտն է հայտնում, չորեքշաբթի օրն անցկացվող հանդիպման ընթացքում նաեւ քննարկվելու են հակաահաբեկչությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Աֆղանստանում մարդու իրավունքների պաշտպանության շուրջ առկա խնդիրները: