Ֆաուչին չի բացառում, որ Covid-19- ի դեմ պատվաստումը շուտով բաղկացած լինի երեք չափաբաժնից 

Ամրապնդող չափաբաժինը կապահովի ավելի ամուր իմունային արձագանք, ասում է ԱՄՆ գլխավոր վարակաբանը

Սպիտակ տան առողջապահության հարցերով գլխավոր խորհրդական դոկտոր Էնթոնի Ֆաուչին ասել է, որ Միացյալ Նահանգներում Pfizer և Moderna պատվաստանյութերի Covid-19 պատվաստումների ընդհանուր առաջարկվող գրաֆիկը հավանաբար կներառի երեք դեղաչափ՝ երկուսի փոխարեն:

Ֆաուչին, ով նաև ղեկավարում է Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ազգային հաստատությունը, նշել է, որ լրացուցիչ կամ երրերդ չափաբաժին ստանալը առաջին երկուսից մի քանի ամիս անց օգնում է մարմնին զարգացնել ավելի ամբողջական իմունային արձագանք:

«Ելնելով իմունաբանության իմ փորձից, ես ընդհանրապես չեմ զարմանա, եթե պատվաստումների ամբողջական ժամանակացույցը բաղկացած լինի երեք դեղաչափից», - նշել է Ֆաուչին լրագրողների հետ Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է սեպտեմբերի 20 -ից հետո սկսել լրացուցիչ դեղաչափերի լայն տարածումը:

Նախորդ ամիս առողջապահության ոլորտի ներկայացրած ծրագիրը նախատեսում է Pfizer կամ Moderna պատվաստանյութերի երկրորդ դեղաչափից ութ ամիս հետո երրորդ դեղաչափի պատվաստում:

Օրգանիզմի պաշտպանունակություն նվազում է երկրորդ դեղաչափի ընդունումից մի քանի ամիս անց, նշում են առողջապահության ոլորտի պատասխանատուները՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների երեք նոր ուսումնասիրությունները:

Հիմքեր կան ենթադրելու, որ երրորդ դեղաչափը կապահովի ավելի ամուր իմունային արձագանք, ասել է Ֆաուչին: