Թալիբանն այժմ ամբողջությամբ վերահսկում է Քաբուլի օդանավակայանը, ինչպես նաեւ` գրեթե ամբողջ երկրի տարածքը: Սակայն այստեղից միջազգային ուժերի դուրսբերումը Թալիբանին չի ազատում մարտահրավերներից: Այդ մարտահրավերներից մեկը կանանց իրավունքների պաշտպանությունն է, ինչի պահանջով կանայք ցույցի էին դուրս եկել Հերաթ քաղաքում: Մեծագույն խնդիրներից մյուսը խիստ երաշտն է, ինչը նշանակում է, որ առանց միջազգային օգնության, Թալիբանն ի զորու չի լինի լուծել սովի խնդիրը:
Ինչպես Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին է հիշեցնում, ԱՄՆ-ը Թալիբանին դեռեւս կասկածանքով է նայում, եւ այդ պատճառով չի շտապում ճանաչել նրան որպես Աֆղանստանի իշխանություն: Այս պահին, սակայն, ԱՄՆ-ը աշխատում է որպեսզի վերաբացվեն Աֆղանստանի օդանավակայանները, թույլ տալու համար ուղիղ օգնություն աֆղաստանցիներին: Իսկ այդ հարցը մեծապես է կախված այն հանգամանքից, թե ինչպիսի կառավարություն կկազմվի Աֆղանստանում:
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքերով էլ, մեծապես է հաշվի առնվելու այն հանգամանքը, թե ինչպես է նոր կառավարությունն այնտեղ հարգելու կանանց ու փոքրամասնությունների իրավունքը, թե ինչպիսի կառավարություն է կազմելու Թալիբանը եւ թե ինչ քայլեր է իրականացնելու ընդդեմ ահաբեկչության:
Աֆղանստանում այս պահին կա մեկ գավառ, որը չի ենթարկվում Թալիբանին: Դա Փանջշիրի գավառն է, որտեղ Ահմադ Մասուդի ղեկավարությամբ զինված խմբերը պայքարում են ընդդեմ Թալիբանի իշխանության ու զորքերի: ԱՄՆ-ը հայտարարում է, որ վերջին մարտերի ժամանակ միջամտություն չի ցուցաբերել հօգուտ Մասուդի ուժերի:
Գերմանիայում տեղակայված ամերիկյան օդային բազայում էլ այս պահին գրանցում են աֆղանստանցի տարհանված անձանց, որպեսզի արագացվի նրանց օրինական մուտքն ԱՄՆ:
Գեներալ Թոդ Ուոլթերզի խոսքերով, ամեն օր գրանցվում է հինգից 600 փաստաթուղթ եւ շուտով ամեն օր այստեղից ԱՄՆ կտեղափոխվի 2500-ից 3000 աֆղանստանցի:
Սակայն ԱՄՆ-ի ու դաշնակից ուժերի համար աշխատած այն աֆղանստանցիները, որոնց չի հաջողվել դուրս գալ երկրից, այսօր այստեղ կանգնած են իրական վտանգի առջեւ: Նրանց ճակատագիրը եւս կարող է դառնալ Թալիբանի քննություններից մեկը: