Աֆղանստանից ամերիկյան ուժերը լիովին դուրս բերելուց եւ պատերազմն ավարտվելուց հետո լրագրողների առաջին ամենասուր հարցերը պիտի բնականաբար ուղղվեին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լոյդ Օսթինին, ում խոսքերով, իրականացվել է քաղաքացիական անձանց օդանավերի միջոցով տարհանման ամենախոշոր գործողությունը: ‘’Այն հերոսական է ու պատմական’’, ասում է Օսթինը: Սակայն Պետդեպարտամենտի պաշտոնատար անձինք ընդունում են, որ Աֆղանստանում դեռեւս մնացել են ԱՄՆ-ի 100 քաղաքացիներ, ինչպես նաեւ հատուկ վիզաներ ունեցող անձանց մեծ մասը: Խոսքն այն աֆղանստանցիների մասին է, որոնք օգնել են ԱՄՆ-ին ու ամերիկացի ընտանիքներին:
Ինչպես գեներալ Մարք Միլեյն է ասում, քանի որ իշխանությունն արդեն Թալիբանի ձեռքում է, ԱՄՆ-ը հետագա քայլերը պետք է համակարգի նրա հետ:
‘’Այն միշտ եղել է անողոք իր բոլոր գործողություններում, եւ թե արդյոք Թալիբանը փոխել է իր այդ քաղաքականությունը, պետք է միայն սպասել, տեսնելու համար’’, ասել է նա:
Իսկ արդյո՞ք հնարավոր է համագործակցել Թալիբանի հետ ընդդեմ Իսլամական պետություն – Խորիսան խմբակցության: Այս հարցին գեներալը պատասխանում է, որ շատ հնարավոր է:
Պաշտպանության նախարար Օսթինն էլ նորից երդվում է վրեժ լուծել Աֆղանստանում Իսլամական պետություն խմբավորումից Քաբուլում իրականացրած ահաբեկչական հարձակման համար, որին զոհ էր գնացել առնվազն 170 մարդ, որոնցից 13-ը` ամերիկացի զինվորականներ:
Ամերիկան չի պատրաստվում սակայն որեւէ դաշինք կազմել Թալիբանի հետ ընդդեմ Իսլամական պետության: Այդ հարցը կախված կլինի Թալիբանի վարքագծից ու որդեգրվելիք քաղաքականությունից:
Այդ ուղղությամբ առաջին քայլը համարվելու է Աֆղանստանում մնացած ամերիկացիներին ու վտանգի տակ գտնվող աֆղանստանցիներին այստեղից հեռանալու իրավունք տալու հանգամանքը: