Քովիդ հիվանդությունից աշխարհում մինչ այժմ մահացել է 4,500.000 մարդ

Ջոնս Հոփքինզի համալսարանի Կորոնավիրուսի հետազոտությունների կենտրոնից հաղորդում են, որ աշխարհում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 216 միլիոն դեպք, քովիդ հիվանդությունից մահացել է ավելի քան 4,5 միլիոն մարդ:

2020 թվականի մարտ ամսից կորոնավիրուսն ամենամեծ հարվածն է հասցրել Միացյալ Նահանգներին, որտեղ այս վարակով վարակվել է մոտ 39 միլիոն մարդ, խլել մոտ 638 հազար կյանք:

Հիվանդությունների կանխարգելման կենտրոնից հաղորդում են, որ ամենօրյա կտրվածքով այստեղ նոր վարակակիրների թիվն ավելանում է 151 հազարով, երբ ամերիկացիների ավելի քան 48 տոկոսը պատվաստված է: Եվրոպական միությունն այդ պատճառով պատրաստվում է դադարեցնել Միացյալ Նահանգներից դեպի Եվրոպա ոչ հույժ կարեւոր ճամփորդությունների թիվը: Այս մասին Միությունը պատրաստվում էր որոշում կայացնել երկուշաբթի օրը:

2021 թվականին մահացությունների թիվն արդեն իսկ գերազանցել է 2020 թվականի ամբողջ ընթացքում գրանցված մահացությունների թվին:

Բազմաթիվ երկրներ են այսօր աշխարհում պայքարում, որպեսզի ստանան վիրուսի դեմ պատվաստանյութ, սակայն չափազանց մեծ է մնում հարուստ ու աղքատ երկրների միջեւ հասանելիության տարբերությունը:

Աֆրիկայում պատվաստման առնվազն առաջին ներարկումն է ստացել յուրաքանչյուր հարյուր անձանցից յոթը: Եվրոպայում այդ թիվը հասնում է 99-ի, Միացյալ Նահանգներում` 111-ի:

Սակայն պատվաստումները ցույց են տվել ավելի փոքր արդյունավետություն դելտա տարատեսակի դեպքում: