Աֆղանստանում ուժերի հավասարակշռության փոփոխությունից շատ առաջ, Չինաստանն արդեն փորձեր էր իրականացնում թալիբների հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Չինաստանի արտգործնախարարը հուլիսի 28-ին չինական Տյանցզին քաղաքում հանդիպել է թալիբների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Ըստ Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Ռաֆայելո Պանտուչիի՝ դրանից մեկ շաբաթ առաջ Չինաստանի նախագահը զանգահարել էր և զրուցել այդ ժամանակ դեռևս Աֆղանստանի գործող նախագահ Ղանիի հետ՝ նրան առաջարկելով իր շարունակական աջակցությունը: Կենտրոնական Ասիայի որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Չինաստանը հանդիսացել է Աֆղանստանում թալիբների նման արագ առաջխաղացման հարցում կարևոր գործոն:
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Սեթ Ջոնսն ընդգծում է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը ընդունել են այն փաստը, որ թալիբներն ունեն Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի և Իրանի, տարածաշրջանի խոշորագույն երկրներից շատերի, հավանաբար, բացառությամբ Հնդկաստանի աջակցությունը:
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Աֆղանստանում Չինաստանի շահերն են երկրի օգտակար հանածոների հանքավայրերը և Չինաստանի խոշոր ծրագիր հանդիսացող Belt and Road նախաձեռնությունը, որը նպատակ ունի ընդլայնել Չինաստանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը Եվրոպայում` ներդրումային և ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով:
Թեև Աֆղանստանից ԱՄՆ -ի դուրս գալը կարող է լավ առիթ հանդիսանալ Չինաստանի համար՝ երկիր մուտք գործելու առումով, վերլուծաբանները կարծում են, որ Պեկինը դեռ չի շտապում:
German Marshall Fund հաստատության վերլուծաբան Էնդրյու Սմոլը, ով մասնագիտացած է Չինաստանի արտաքին քաղաքականության ոլորտում, նշում է, որ Չինաստանը շարունակում է դիտարկել Աֆղանստանը որպես կայսրությունների գերեզմանոց և չի ցանկանում ընդգրկվել՝ այս քայլը համարելով չափազանց ռիսկային: Նրանք կարծում են, որ դա ծուղակ է, գտնում է վերլուծաբանը:
Չինաստանի ամենամեծ մտահոգությունը անվտանգությունն է: Էնդրյու Սմոլը շեշտում է՝ առաջին հերթին Պեկինը ցանկանում է վստահ լինել, որ Աֆղանստանի անվտանգության որոշ սպառնալիքներ չտարածվեն հարևան երկրների վրա, որտեղ Չինաստանը ունի շատ ավելի մեծ տնտեսական, քաղաքական և ռազմավարական շահեր, և հատկապես Պակիստանի:
Չինական ներդրումների և փոխադրման ուղիների ապահովագրման տեսանկյունից երկու երկրները կարիք ունեն կայունության:
Քաղաքական առումով Չինաստանն օգտագործում էր Աֆղանստանում ստեղծված իրավիճակը ՝ ԱՄՆ -ին քննադատելու համար: Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուայի Չունյինգը հայտարարել է, որ ամերիկյան բանակն իր հետևից թողեց սարսափելի խառնաշփոթ, պառակտում, քայքայված ընտանիքներ և բազմաթիվ որբեր:
Թեև Աֆղանստանի շուրջ ստեղծված կացությունը կարող է Չինաստանի համար շահեկան լինել քարոզչական նկատառումներից ելնելով, վերլուծաբաններն ասում են, որ իրականությունն այլ է:
Ռաֆայելո Պանտուչին կարծում է, որ Աֆղանստանը կարող է դառնալ ույղուր գրոհայինների կամ Չինաստանի այլախոհների համար մի հավաքատեղի, որը լուրջ խնդիրներ կստեղծի Չինաստանի համար:
Չինաստանը ույղուր մահմեդականներին դիտարկում է որպես սպառնալիք և իր ահաբեկչության դեմ պատերազմի մի մաս: Իրավապաշտպան խմբերը բազմիցս ահազանգել են Չինաստանի կողմից ույղուրների նկատմամբ հետապնդումների և բռնաճնշումների մասին: Սակայն վերլուծաբանները պնդում են, որ թալիբները բարձր գին կվճարեն ույղուրների գործունեությունը խրախուսելու համար: Բացի այդ, թալիբները կարող են չվստահել ույղուրներին մեկ այլ պատճառով ևս ՝ կրոնի: Ըստ վերլուծաբան Հասան Կարրարի, երկու տեղերում էլ իսլամի դերը և ընկալումը չափազանց տարբեր է:
Վերլուծաբանները համակարծիք են, որ Չինաստանն իր վերջնական դիրքորոշումը կձևավորի՝ Աֆղանստանում ընթացող զարգացումներից ելնելով: