Քաոսն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանից դուրս շարունակվում է, երբ հազարավոր աֆղանստանցիներ փորձում են մուտք գործել օդանավակայանի տարածք, հույս ունենալով խույս տալ Թալիբանի կողմից հնարավոր հաշվեհարդարից:
Սակայն հակառակ քաոսային իրավիճակին, երկրի նախագահ Ջո Բայդենը շարունակում է պաշտպանել այս երկրից իր զորքերն արագ հանելու որոշումը:
‘’Որեւէ մեկը չէր կարող կանխատեսել Թալիբանի կողմից իշխանության այսքան արագ զավթումը’’, ասել է Բայդենը, մի բան, ինչը նա մինչ վերջերս անհնար էր համարում:
‘’Որեւէ մեկը չէր կարող ենթադրել, որ 300 հազար թվակազմով բանակը, որին մենք տարիներ շարունակ մարզել ենք ու զինել, այսքան հեշտությամբ կարող էր հանձնվել’’, ասել է Բայդենը:
Հիմա աֆղանական բանակի արագ փլուզումը եւ ամերիկացիներին ու գործընկեր աֆղանստանցիներին դուրս բերելու քաոսային իրավիճակը մի տեսակ ստվեր է նետում Բայդենի արտաքին քաղաքականության վրա:
Օրինակ Բրուքինգզի հաստատության վերլուծաբաններից Մայքըլ Օ Հենլիի խոսքերով, ‘’Սա ղեկավարության ձախողումն է, ոչ ճիշտ ծրագրման արդյունքը’’:
Բայդենի վարկանիշը վերջին մի քանի օրերի ընթացքում յոթ տոկոսի անկում է գրանցել հենց այս իրավիճակի արդյունքում:
Փոխվել է նաեւ պատերազմից դուրս գալու հարցում ամերիկացիների տեսակետը: Եթե ապրիլ ամսին Աֆղանստանից ամերիկյան ուժերը դուրսբերելու կողմնակիցները կազմում էին 69 տոկոս, ապա այժմ նրանց թիվն իջել է 49 տոկոսի:
Կոնգրեսում էլ պատրաստվում են հետաքննել Թալիբանի արագ հաղթանակի ու քաոսային իրավիճակի պատճառները: Սենատի հանրապետական փոքրամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելի խոսքերով, սա մի բիծ է Միացյալ Նահանգների հեղինակության վրա:
Սակայն կան նաեւ մեծաթիվ վերլուծաբաններ, որոնք Աֆղանստանից զորքերի դուրսբերումը համարում են ճիշտ որոշում:
Նրանցից Չառլզ Քուփչանի խոսքերով, Աֆղանստանում այդ եղանակով պետություն կառուցելու ձեւն իրեն չարդարացրեց, ինչն արդարացնում է զորքերի հետքաշումը:
Ինչ վերաբերում է Բայդենի հեղինակությանը, ապա այն հիմա մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչպես կավարտվի ամերիկացիների ու աֆղանստանցի գործընկերների ու նրանց ընտանիքների դուրսբերումը:
Մյուս կարեւոր հանգամանքն այն է, թե ինչ պիտի արվի, որպեսզի Աֆղանստանը չդառնա ահաբեկչության հավաքատեղի:
Այս հարցում մեծ անելիքներ ունի միջազգային համայնքը, ասում է վերլուծաբան Էնթոնի Ուեյնը: ‘’Միջազգային համայնքը պետք է հստակ ուղերձներ հղի թալիբներին, նշելով, թե ինչ ուղի պիտի բռնի նրանց նոր կառավարությունը’’, ասում է նա ու հիշեցնում, որ այս երկիրը մեծապես է կախված եղել միջազգային համայնքի օգնությունից ու օժանդակությունից: