Լսումներին որպես պատասխանող կողմ հանդես եկավ քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, իսկ քննարկումը նախագահում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը: Վերջինս լսումների ընթացքում հարց բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում Թուրքիայի ներգրավվածության, մասնավորապես սիրիացի զինյալների՝ հակամարտության գոտի տեղափոխման շուրջ:
՛՛Թույլ տվեք մեկ հարց ևս ուղղել: Արդյո՞ք տեղյակ եք, որ Թուրքիան նպաստել է Սիրիայից դեպի Ադրբեջան զինյալների տեղափոխմանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ ՛՛,- հարց է ուղղել սենատոր Մենենդեսը:
Ի պատասխան, քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդն առաջարկել է այս հարցը դարձնել առանձին քննարկման առարկա:
՛՛Կարծում եմ, որ ավելի հարմար կլիներ Ձեր նշած այս դրույթը քննարկել առանձին առիթով մեկ այլ պայմաններում, եթե դա Ձեզ համար ընդունելի է, պարոն Նախագահ՛՛,- պատասխանել է Նուլանդը:
Սենատոր Մենենդեսը դրական արձագանքեց՝ հավելելով, որ դրա հետ մեկտեղ սպասում է պետքարտուղարության արձագանքին պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին:
՛՛Շատ լավ: Որպես դրա մի մաս, ես նաև անհամբեր սպասում եմ պետքարտուղարության արձագանքին, թե արդյոք ուսումնասիրել եք Ադրբեջանի կողմից պատերազմում օգտագործած թուրքական անօդաչու թռչող սարքերի գործածման հարցը: Այն ներառում էր ԱՄՆ-ում արտադրված մասեր, որը ես համարում եմ բոլորովին անընդունելի՛՛,- արձագանքել է Մենենդեսը:
Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությանն անդրադարձող լսումների մասին ամբողջական տեսանյութը դիտեք վաղը Ամերիկայի Ձայնի կայքէջում: