Որքանով են արդյունավետ պատվաստումները COVID-19-ի նոր տարբերակների դեմ պայքարում. մասնագետների կարծիք 

Այս պահին COVID-19 յոթ պատվաստանյութ ստացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավանությունը: Կորոնավիրուսի նոր տարբերակների զարգացմանը զուգահեռ հարցեր են առաջ գալիս յուրաքանչյուր պատվաստանյութի արդյունավետության մասին

Կորոնավիրուսի Դելտայի տարբերակի տարածմանը զուգահեռ, առաջ են գալիս զեկույցներ, ուր նշվում է, որ նույնիսկ որոշ պատվաստված մարդիկ վարակվում են COVID-19-ով: Բայց այս դեպքում հիվանդույունն անցնում է ավելի մեղմ: Բոլոր պատվաստանյութերը շարունակում են համապատասխանել հիմնական չափանիշների, ասում են մասնագետները:

«Նրանք շատ արդյունավետ են գործում՝ ապահովելով այն, ինչ մենք ցանկանում ենք, և պաշտպանում մարդկանց լուրջ հիվանդություններից և մահից»,- ասում է Վաշինգտոնի համալսարանի առողջապահության ոլորտի փորձագետ Բիլ Փոուդերլին:

Վերջերս Իսրայելում վարակների թվի արագացումը մտավախություն առաջ բերեց, որ որոշ պատվաստանյութեր կարող են ավելի թույլ լինել Դելտայի տարբերակի դեմ պայքարում: Բայց Փոուդերլին ասում է, որ պատվաստումը կանխում է ամենավատ ելքով դեպքերը, ինչպես դա ցույց տվեց իր հարազատ Միսուրի նահանգի համավարակի ալիքը:

«Նրանք արձանագրում են Իսրայելի նման վարակման դեպքեր պատվաստված մարդկանց մոտ, սակայն չեն արձանագրում հիվանդանոց տեղափոխման դեպքեր: Բոլոր հոսպիտալացումները, և, ցավոք, մահերն արձանագրվում են այն մարդկանց մոտ, ովքեր չեն պատվաստվել»,- ասում է Բիլ Փոուդերլին:

Որոշ պատվաստանյութեր ավելի լավ են, քան մյուսները իմունային համակարգը նախապատրաստելու հարցում:

Moderna- ի և Pfizer- ի mRNA պատվաստանյութերը, ընդհանուր առմամբ, արտադրում են առավելագույն հակամարմիններ, որին հաջորդում են Johnson & Johnson, Oxford University-AstraZeneca պատվաստանյութերը և Ռուսաստանի Sputnik V- ն: Չինաստանի Sinovac և Sinopharm պատվաստանյութերը զբաղեցնում են արդյունավետ պատվաստանյութերի սանդղակում վերջին հորիզոնականները:

Բոլորն էլ արտադրում են բավարար հակամարմիններ` բնօրինակ շտամի դեմ պայքարելու համար: Բայց հակամարմինների մակարդակը սկսում է ավելի շատ նշանակություն ունենալ այլ տարբերակների պարագայում, ասում են մասնագետները:

Լոնդոնի կայսերական քոլեջի բժշկության ոլորտի փորձագետ Փիթեր Օփենշաուն չի բացառում, որ փոքր-ինչ ավելի նվազ հզորության պատվաստանյութի պարագայում, որն այնքան էլ ուժեղ իմունային արձագանք չի հարուցում, Դելտա շտամով հիվանդությունը կարողանում է ճեղքել պաշտպանությունը: Նա շեշտում է սկան, որ չնայած դրան պատվաստանյութը որոշակիորեն պաշտպանում է հիվանդության ավելի ծանր ընթացքից:

Pfizer, Moderna, AstraZeneca, J & J և Sputnik V պատվաստանյութերը, կարծես, ավելի լավն են, քան Sinpharm- ը և Sinovac- ը ՝ մարմնի երկրորդ պաշտպանական գիծը ակտիվացնելու հարցում, որը կոչվում է T բջիջներ:

«Պատվաստանյութերը, որոնք ունակ են պահուստային իմունային արձագանք առաջացնել, ինչպես T բջիջները, ավելի լավ պաշտպանություն են ապահովում վիրուսային բազմազան տարբերակների դեմ պայքարում, քան ոչ ակտիվացված պատվաստանյութերը, որոնք միայն հակամարմիններ են առաջացնում»,- նշում է Վաշինգտոնի համալսարանի պատվաստանյութերի փորձագետ Դեբորա Ֆուլերը:

Դրա հետ մեկտեղ Ֆուլերը գտնում է , որ Sinopharm և Sinovac պատվաստանյութերը շատ նման են գրիպի դեմ տարեկան պատվաստմանը. կատարյալ չեն, սակայն ավելի լավ է, քան չլինելը: Նա նկատում է, որ հաճախ լսում է արձագանքներ մեկ անգամ պատվաստված մարդկանցից, ովքեր չեն ցանկանում կրկին պատվաստվել, քանի որ հիվանդացել են կորոնավիրուսով: Նա շեշտում է, որ պատվաստանյութի բացակայությունը կարող էր հանգեցնել շատ ավելի ծանր հիվանդության ընթացքի, ուստի ժամանակին պատվաստումը շատ կարևոր է: Բոլոր պատվաստումները կարևոր են, գտնում է նա՝ ընդգծելով, որ պատվաստումը օգնում է դանդաղեցնել վիրուսի տարածումը, որը նշանակում է, որ ավելի քիչ շանսեր կան վտանգավոր տարբերակների զարգացման համար: