Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդում է, որ աշխարհում COVID-19 դեպքերի թիվն աճում է չորրորդ շաբաթն անընդմեջ, իսկ մահացների թիվն աճ է գրանցել 10 շաբաթվա անկումից հետո:
Դրա պատճառը խիստ վարակիչ «Դելտա» շտամն է, որն առաջին անգամ հայտնաբերվեց Հնդկաստանում: Այս շտամը այնուհետև հայտնաբերվել է առնվազն 104 երկրներում:
Ժևում կազմակերպության կենտրոնակայանում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նկատել է, որ դեպքերի աճը գրանցվել է կազմակերպության վեց գլոբալ շրջաններից հինգում:
Նա նշել է, որ ԱՀԿ-ն բոլոր տեղերից զեկույցներ է ստացել այն մասին, որ հիվանդանոցները կրկին աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ:
ԱՀԿ ղեկավարն ասում է, որ «Դելտան» տարածվում է ամբողջ աշխարհում «կայծակնային արագությամբ» և շուտով կդառնա գերիշխող տարատեսակը ամբողջ աշխարհում:
Նա նշեց, որ վիրուսի այս տարբերակը տարածվում է նույնիսկ պատվաստումների բարձր մակարդակ ունեցող վայրերում: