Ալյասկայից մինչեւ Վայոմինգ ընկած հատվածում վերջին օրերի ընթացքում բռնկվել է անտառային մոտ 60 հրդեհ: Հրդեհների մեծ մասը շարունակվում է Արիզոնայում, Այդահոյում ու Մոնթանայում:
ԱՄՆ-ի արեւմտյան նահանգներում հրդեհները բռնկվել են մի քանի շաբաթ չափազանց շոգ եղանակի պատճառով: Այս հատվածներում սկսվել է երաշտ: Չափից շատ շոգ եղանակը սակայն, ըստ Եղանակի տեսության ազգային ծառայության, երեքշաբթի օրվանից կարող է մեղմվել: Սակայն բարձր ջերմության ալիքը շարժվում է դեպի Կալիֆոռնիայի որոշ անապատներ: Կայծակների արդյունքում սկսված հրդեհների պատճառով տրվել է Նեւադայի որոշ բնակավայրերից ավելի քան երեք հազար բնակիչների տարհանելու հրահանգ:
Այս պահի դրությամբ այստեղ հրդեհը ծածկել է 365քառ. կիլոմետր: Սակայն ԱՄՆ-ում ամենամեծ հրդեհը տարածվել է Կալիֆոռնիայի ու Օրեգոնի սահմանին, որի արդյունքում ավելի քան երկու հազար տուն հայտնվել է հրկիզվելու վտանգի տակ:
Նահանգի որոշ մարզերում ուժի մեջ է մտել չհեռանալու դեպքում կալանավորվելու մասին հրամանը:
Հրդեհների արդյունքում մեծապես խաթարվել է էլեկտրասնուցման երեք ուղի, որոնք մատակարարում են մինչեւ 5500 մեգավատտ էլեկտրաէներգիա Կալիֆոռնիայի տարբեր հատվածների:
Կայծակների ու փոթորիկների արդյունքում Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհներն այրել են 223 քառ. կիլոմետր տարածք:
Գիտնականներն ասում են, որ մարդու կողմից հարուցված կլիմայական փոփոխությունն է այս հրդեհների բռնկման ու արագ տարածման գլխավոր պատճառը: