Մայա Սանդուի քաղաքական ուժը առաջնորդվում է կոռուպցիայի դեմ պայքարի և բարեփոխումների իրականացման օրակարգով: Նախագահը հույս ունի 101-տեղանոց խորհրդարանում ստանալ մեծամասնություն` բարեփոխումներ իրականացնելու համար, որոնք, ըստ նրա, արգելափակվել են իր ռուսամետ նախորդի` Իգոր Դոդոնի դաշնակիցների կողմից: Դրա մասին տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը:
Քվեաթերթիկների 99,63% -ի հաշվարկը ցույց է տալիս, որ խորհրդարանում ներկայացված կլինեն միայն երեք քաղաքական ուժեր: Արևմտամետ PAS- ն ստացել է ավելի քան 52% ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ Դոդոնի գլխավորած Սոցիալիստների և Կոմունիստական կուսակցսության դաշինքը՝ 27,32%:
1 միլիարդ դոլար արժողությամբ բանկային սկանդալի կապակցությամբ խարդախության և փողերի լվացման մեջ դատապարտված գործարար Իլան Շորի կուսակցությունը ստացել է ավելի քան 5 % ձայն: Շորը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները:
Արևմուտքն ու Ռուսաստանը պայքարում են ազդեցության համար 3,5 միլիոն բնակչություն ունեցող խորհրդային այս հանրապետությունում, որը Եվրոպայի ամենաաղքատ պետություններից մեկն է և կտրուկ տնտեսական անկում է ապրել COVID-19 համաճարակի ընթացքում, գրում է Ռոյթերսը:
Համաշխարհային բանկի նախկին տնտեսագետ, գործող նախագահ Սանդուն, որը կողմ է Եվրամիության հետ կապերի խորացմանը, անցյալ տարի առավելության է հասել ռուսամետ Դոդոնի նկատմամբ, բայց ստիպված էր իշխանությունը կիսել 2019 թվականին ընտրված խորհրդարանի և Դոդոնին հավատարիմ ուժերի կողմից վերահսկվող կառավարության հետ:
Ապրիլին Սանդուն լուծարեց խորհրդարանը, որում PAS- ն ուներ 15 օրենսդիր, իսկ Դոդոնի սոցիալիստները ՝ 37: Դոդոնը իր դաշնակիցների հետ վայելում էր մեծամասնություն՝ վերահսկելով 54 պատգամավորական մանդատ:
«Հուսով եմ, որ Մոլդովան այսօր կավարտի դժվարին՝ գողերի կառավարման դարաշրջանը: Մեր քաղաքացիները պետք է իրենց վրա զգան մաքուր խորհրդարանի և կառավարության առավելությունը, որը հոգ է տանում մարդկանց մասին», - գրել է Սանդուն իր ֆեյսբուքյան էջում:
Նա ասաց, որ ձայների վերջնական հաշվարկից հետո ինքը մտադիր է հնարավորինս շուտ ձևավորել նոր կառավարություն:
Խորհրդարանում տեղերի բաշխումը դեռ վերջնական պարզ չէ, քանի որ այն կուսակցություններին տրված ձայները, որոնք չեն անցել խորհրդարան, բաշխվելու են հաղթողների միջեւ:
Մոլդովայում, որը գտնվում է Ուկրաինայի և ԵՄ անդամ Ռումինիայի միջև, վերջին տարիներին անկայուն քաղաքական իրավիճակ էր, որը ուղեկցվում էր կոռուպցիոն սկանդալներով, ներառյալ բանկային համակարգից $ 1 միլիարդի անհետացումը:
Դոդոնը կոմունիստների հետ ստեղծել է ընտրական դաշինք և քննադատում է Սանդուի արևմտամետ քաղաքականությունը, որն, ըստ նրա, կհանգեցնի պետության փլուզմանը: