ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն այսօր կքննարկի 2022 թվականի ֆինանսական տարում արտաքին հատկացումների և օգնության մասին օրինագիծը: Հունիսի 25-ին արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը իր հավանություն է տվել օրենքի նախագծին, ուր անդրադարձ կա նաև Հայաստանին առնչվող հարցերին: Օրինագիծն առաջարկում է առնվազն 50 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին տնտեսական և մասնավոր հատվածի զարգացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ նպատակներով:
Օրինագծում տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի մասին դրույթը, ըստ որի՝ առաջարկվում է առնվազն 2 մլն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման համար։ Բացի այդ, փաստաթղթում վերահաստատվում է 907 բանաձևի կարևորությունը, որը սահմանափակում է ԱՄՆ կառավարության օգնությունն Ադբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Ըստ օրինագծի՝ հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի համեմատ Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնության անհամապատասխանության վերաբերյալ, որը հնարավոր է դարձել պետքարտուղարի կողմից Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բանաձևից հրաժարվելու միջոցով, ներառյալ պետքարտուղարի՝ այս տարվա ապրիլի 23-ին ստորագրած վերջին շրջանցումը: Հանձնաժողովը ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության և ռազմական օգնության նման անհամաչափության դիվանագիտական հետևանքների վրա՝ կոչ անելով պետքարտուղարին հաշվի առնել այս հանգամանքները 2022 թ. ֆինանսական տարում 907-րդ բանաձևից հրաժարվելու վերաբերյալ ցանկացած որոշման ընդունման ժամանակ:
Փաստաթղթում նշված է նաև, որ հանձնաժողովը խրախուսում է ԱՄՆ պետքարտուղարությանը խորհրդակցել Թուրքիայում տեղական շահագրգիռ կողմերի հետ, ներառյալ քաղաքացիական հասարակության խմբերի, երիտասարդության, լրատվամիջոցների և կանանց իրավունքների պաշտպանության շրջանակների՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես է հնարավոր մեղմացնել բևեռացումը և նահանջը ժողովրդավարական արժեքներից Թուրքիայում:
Օրինագծի քննարկումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հարցերով հանձնաժողովում նախատեսված է այսօր հուլիսի 1-ին օրվա երկրորդ կեսին: