Սա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին է: Ծայրահեղ պահպանողական գործիչը հաղթեց վերջին ընտրություններում, որոնք ընթացան ռեկորդային ցածր մասնակցության պայմաններում: Նա հայտնում է, որ չի պատրաստվում հանդիպել ԱՄՆ-ը նախագահին:
Այս արձագանքը չի մտահոգում Սպիտակ տան մամլո խոսնակին:
«Մեր տեսակետն այն է, որ այնտեղ կա որոշում կայացնող, եւ դա Գերագույն առաջնորդն է»,- ասում է Ջեն Փսակին:
ԱՄՆ-ը և հինգ այլ երկրներ բանակցում են 2015 թ. Իրանի միջուկային պայմանագրի շուրջ, բայց Ռայիսին ասում է, որ Իրանի հրթիռային ծրագիրը «քննարկման ենթակա չէ»: Նա նաև մեղադրում է ԱՄՆ-ին՝ խոստումները չկատարելու մեջ:
«Դուք պարտավորվել էիք չեղարկել պատժամիջոցները, բայց պահպանեցիք դրանք. վերադարձեք և կատարեք ձեր ստանձնած պարտավորությունները: Ես եվրոպացիներին ասում եմ, որ նրանք չպետք է մնան ամերիկյան քաղաքականության ճնշման ներքո»,- ասում է Ռայիսին:
Փսակին քննադատել է նման մոտեցումը և նշել, որ պատժամիջոցները, որոնք վերադարձվել են նախկին նախագահ Թրամփի վարչակազմի կողմից, բանակցային օրակարգի մաս են:
«Մենք, հասկանում ենք, ինչպես տեսել ենք բանակցությունների նախորդ փուլերում, որ երկրում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կիրառվում է որոշակի հռետորաբանություն: Մենք դա հասկանում ենք, սակայն ակնկալում ենք, որ բամակցությունները կշարունակվեն»,- հայտնել է Փսակին:
Ռայիսին ինքը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո՝ որպես կասկածյալ 1988 թ-ի հազարավոր քաղբանտարկյալների մահապատժի ենթարկելու գործում: Նա սակայն ինքն իրեն անվանում է «մարդու իրավունքների պաշտպան»: Նախկին բանտարկյալ Իրաժ Մեսդաղին ասում է, որ նոր նախագահը ղեկավարել է մահապատժի որոշում կայացնող խորհուրդները:
Ամերիկայի Ձայնի՝ նորընտիր նախագահի և երկրի դեմ պատժամիջոցների մասին հարցին Փսակին պատասխանեց:
«Իհարկե, նոր նախագահը պատասխանատվության կենթարկվի մարդու իրավունքների խախտումների համար: Առաջ շարժվելով ՝ մենք վճռականորեն հորդորում ենք Իրանի կառավարությանը ՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, ազատ արձակել քաղբանտարկյալներին, բարելավել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները բոլոր իրանցիների համար»,- նշել է Սպիտակ տան մամլո քարտուղարը:
Ռայիսին Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի կողմնակիցն է: Վերլուծաբանները կանխատեսում են, որ նա ինքնուրույն չի կառավարելու երկիրը, և որ առջևում սպասվում են լուրջ մարտահրավերներ: