Աշխարհին հուզող հարցերում համագործակցելու ՆԱՏՕ-ի ջանքերը

Միջատլանտյան հարաբերություններն ամրապնդելու ջանքերում Բեծ յոթնյակի գագաթաժողովին հաջորդում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Այս հանդիպումը մեծապես է կարեւորում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը, իր խոսքերով, ‘’Ռուսաստանի ու Չինաստանի պես ավտորիտար վարչակարգեի առկայության պայմաններում’’:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն, ինչպես Եվրամիության գագաթաժողովի ժամանակ, այստեղ եւս փորձում է Պեկինի ու Մոսկվայի դեմ գործողություններում ստանալ գործընկերների աջակցությունը:

‘’Ռուսաստանն ու Չինաստանը ձգտում են սեպ խրել մեր անդրատլանտյան համերաշխության մեջ: Մենք տեսնում ենք չարամիտ կիբերակտիվության աճ: Բայց մեր դաշինքի հիմքերն ամուր են’’, ասել է նա:

Սակայն, եթե Մոսկվայի գործունեության դեմ դաշինքը կանգնած է խիստ պատասխան տալու դիրքերում, Չինաստանի հետ վարվելու հարցում նրանք ոչ միշտ են միասնական:

Սակայն Եվրոպայի առաջնորդները մեծ ոգեւորությամբ են ողջունում միասնաբար գործելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի դիրքերը: Նրանք լավ են հիշում նախորդ նախագահ Թրամփի ‘’Առաջին հերթին` Ամերիկան’’ կարգախոսը, երբ վերջինս ՆԱՏՕ-ն նույնիսկ ‘’հնացած’’ կառույց էր անվանում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ասում է, թե նոր էջ է այսօր բացվում նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները հիմնել են ‘’ՆԱՏՕ 2030’’ անվանումը կրող խորհրդակցական մեխանիզմ, որի նպատակն աշխարհում անկանխատեսելի սպառնալիքները եւ աճող համաշխարհային մրացակցությունը դիմակայելն է:

Առաջնորդները քննարկել են նաեւ Աֆղանստանից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերը մինչեւ սեպտեմբերի 11-ը դուրս բերելու հարցը:

Բայդենը հանիդպել է նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանին, երբ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները լարված են հատկապես Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 մակնիշի հրթիռային պաշտպանության համակարգեր գնելու եւ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցելու եւ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու պատճառով:

Եվրամիության առաջնորդների հետ հանդիպումից հետո Բայդենը մեկնելու է Ժնեւ` հանդիպելու համար Ռուսաստանի իր պաշտոնակցին: