Անցնելով ընդդիմության շարքերը՝ 71-ամյա Նեթանյահուն խոստացավ շուտով կրկին վերադառնալ իշխանության:
Խորհրդարանի նիստում Նեթանյահուի աջ և ծայրահեղ ուղղափառ կողմնակիցները «ամոթ» և «ստախոս» էին բացականչում Բենեթի հասցեին: Չնայած դրան՝ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե տվեց նոր վարչակազմին: Նոր վարչապետի երդմնակալաությունը նախատեսված էր քվերակությունից հետո:
49-ամյա Բենեթը պաշտպանության նախկին նախարարն է: Նա նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատեր-միլիոնատեր է:
Նրա դաշինքը Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ ներառում է մի կուսակցություն, որը ներկայացնում է 21% արաբական փոքրամասնությունը:
Կոալիցիոն գործընկերների միջև ընդհանրությունները շատ չեն, բացառությամբ Նեթանյահուի կառավարումը վերջ տալու և երկիրը քաղաքական փակուղուց դուրս բերելու ցանկության: Վերլուծաբանները կարծում են, որ ձախակողմյան, կենտրոնամետ, աջակողմյան և արաբամետ քաղաքական ուժերի այս կոալիցիան, հավանաբար, կլինի բավականին փխրուն:
Իսրայելի նախկին ղեկավար Նեթանյահուի երկարակյաց վարչապետությունը սկսվել էր 2009 թվականից, իսկ առաջին անգամ նա պաշտոնավարել էր 1996 -1999 թվականներին: Նրա դիրքերը թուլացան 2019 թվականի ընտրություններից հետո, երբ չկարողացավ ամրապնդել իր հաջողությունը, իսկ դատարանում հայտնվեց նրա հետ կապված կոռուպցիոն սկանդալային գործ: Նա հերքում է բոլոր մեղադրանքները:
Նոր կառավարությունը, որը ձևավորվել է մարտի 23-ի ընտրություններից հետո, փորձելու է հիմնականում խուսափել միջազգային խնդրահարույց հարցերից, ինչպիսիք են օրինակ պաղեստինցիների նկատմամբ քաղաքականությունը, և կենտրոնանալ ներքին բարեփոխումների վրա:
Պաղեստինցիները մեծ ոգևորությամբ չընդունեցին վարչակազմի փոփոխությունը ՝ կանխատեսելով, որ Բենեթը Նեթանյահուի օրինակով կվարի նույն աջակողմյան քաղաքականությունը:
Ըստ կոալիցիոն համաձայնության, 2023 թվականին Բենեթին վարչապետի պաշտոնում կփոխարինի 57-ամյա կենտրոնամետ Յայիր Լափիդը: