ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովի ընթացքում նախատեսված հանդիպմանը մի շարք հիմնախնդիրների հետ մեկտեղ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Դրա մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հունիսի 7-ին Սպիտակ տանը տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սալիվանը, մասնավորապես, ասել է.
՛՛Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանին, ապա Բայդենն ու Էրդողանը երկկողմ հանդիպում կունենան Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ուր առկա է ընդարձակ օրակարգ բազմաթիվ հարցերով՝ կապված Արևելյան Միջերկրածովի, Սիրիայի, Իրանի, Լեռնային Ղարաբաղի հետ, ինչպես նաև այն դերի, որը Թուրքիան կշարունակի խաղալ Աֆղանստանում դիվանագիտության և բանակցությունների ոլորտում: Կքննարկվեն նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի որոշակի տարբերվող մոտեցումներն արժեքների, մարդու իրավունքների և այլ հարցերի շուրջ: Նախագահ Բայդենը շատ լավ է ճանաչում Էրդողանին: Երկու գործիչները նախկինում հաջողությամբ առնչվել են միմյանց, և երկուսն էլ, կարծում եմ, ակնկալում են օգտագործել այս հնարավորությունը՝ գործնականում երկրների միջև հարաբերությունների ամբողջական լայն օրակարգը վերանայելու համար՛՛:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի այս տարվա գագաթնաժողովը տեղի կունենա Բրյուսելում հունիսի 14-ին, որին կմասնակցի նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: