ԱՄՆ-ի հարավային սահմաններին վերջին շաբաթների ընթացքում առանց մեծահասակների ուղեկցության, անչափահաս միգրանտների թիվը մարտ ամսվա 5700-ից մայիսին իջել է մինչեւ 677-ի: Սակայն հարավային սահմաններից ԱՄՆ մուտք գործելու նպատակ ունեցող անձանց ընդհանուր թիվը մնում է բարձր: Միայն ապրիլ ամսին նրանց թիվն այստեղ հասել է 180 հազարի, ինչը 3 տոկոսով գերազանցում է մարտ ամսվա ցուցանիշը: Այսօր յուրաքանչյուր հինգ ամերիկացիներից չորսը սահմանային այս հարցը համարում են խնդիր` երկրի համար:
Քաղաքական գործիչներից շատերն են ասում, որ սահմանային հսկողությունն ուժգնացնելուն զուգահեռ, ԱՄՆը պետք է կենտրոնանա այն պատճառների վրա, որոնք ստիպում են հատկապես Էլ Սալվադորի, Գվատեմալայի ու Հոնդուրասի բնակիչների բռնել ԱՄՆ տեղափոխվելու ճամփան:
Հանրապետականները քննադատում են նախագահ Բայդենի վարչակազմի սահմանային քաղաքականությունը, որը երբեմն հիմնված է նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի սկսած ջանքերը կիսատ թողնելու վրա: ‘’Թող փոխնախագահ Հարիսը, մինչեւ այդ երկրներ այց կատարելը, լինի սահմանին ու տեսնի, թե ինչ է կատարվում այնտեղ: Այնժամ նա կոչ կանի նախագահ Բայդենին վերաձեւել իր ձախողված քաղաքականությունը’’, ասում է կոնգրեսական Ստիվ Սկալիսը:
Ի դեպ, փոխանախագահ Քամալա Հարիսն այս պաշտոնում արտասահմանյան իր առաջին ուղեւորությունը սկսում է Գվատեմալայից, որից հետո ուղեւորվելու է Մեքսիկա: Բանակցութունների գլխավոր թեման վերաբերում է այս երկրներից արտագաղթը կրճատելուն: