ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի օրը ուղևորվում է Մերձավոր Արևելք: Այցը տեղի է ունենում ուրբաթ վաղ առավոտյան Իսրայելի և Համասի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ մտնելուց հետո:
Սա Բլինքենի առաջին ուղևորությունն է տարածաշրջան ՝ որպես ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետ: Նա հանդիպումներ է ունենալու իսրայելցի, պաղեստինցի և տարածաշրջանային գործընկերների հետ: Պետքարտուղարը Երուսաղեմում բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և այլ պաշտոնատար անձանց հետ:
«Ռամալահում նա կհանդիպի Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի, վարչապետ Մոհամմադ Շտայիեի և պաղեստինյան ինքնավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ», - երկուշաբթի օրն ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Բլինքենը Մերձավոր Արևելք կատարած այցի շրջանակներում կժամանի նաեւ Եգիպտոս, երկիր, որի միջնորդության արդյունքում հաստատվեց հրադադար Գազայի գոտում:
ԱՄՆ պետքարտուղարն իր ուղեւորությունը կավարտի Ամմանում, որտեղ նրան ընդունելու են Հորդանանի Աբդուլլահ թագավորը և փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին:
ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի անդամները ողջունում են Իսրայելի և Համասի միջև հրադադարը` նորից կոչ անելով հասնել համապարփակ խաղաղության` հիմնված երկու պետություն սկզբունքի վրա:
Բլինքենը մեղադրել է ՀԱՄԱՍ-ի զինյալներին վերջին մարտերի մեջ ՝ ասելով. «Պաղեստինյան ժողովրդին ավերածությունից բացի ոչինչ չի բերել Համասը»:
Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ ‘’երկու պետություն’’ սկզբունքով խնդրի լուծումը հակամարտությունից միակ ելքն է:
«Եկեք անկեղծ ասենք. Մինչև տարածաշրջանը չհայտարարի, որ միանշանակ կերպով իրենք ճանաչում են Իսրայելի գոյությունը որպես անկախ հրեական պետություն, խաղաղություն այստեղ չի լինի», - ասել է Բայդենը ուրբաթ օրը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Պաղեստինի ինքնավարության և ՄԱԿ-ի հետ` Պաղեստինին արագ մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Գազայի վերականգնման ջանքերին միջազգային աջակցություն հավաքելու ուղղությամբ: