Շարունակվում են ռազմական գործողությունները Իսրայելի ու Գազայի գոտու միջեւ

Երեքշաբթի օրն Իսրայելը շարունակում էր ռմբակոծել Գազայի գոտին, հասցնելով օդային հարվածներ, պաղեստինցի զինյալ խմբավորումներն էլ հրթիռներ էին արձակում դեպի Իսրայել: Վերջին օրերին շարունակվող այս գործողությունների արդյունքում պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 213-ի, որոնցից 61-ը երեխաներ են, 36-ը`կանայք: Իսրայելի կողմում զոհերը 12ն են: Նրանցից երկուսը երեխաներ են: Գազայի գոտում հիմնովին կամ մասնակիորեն մոտ 450 շինություն է փլուզվել, որոնց թվում են հիվանդանոցներ ու մանկապարտեզներ:

Այս ամենի մեջ Իսրայելը Համաս շարժմանն է մեղադրում, որը ութ օր առաջ հրթիռներ արձակեց դեպի Իսրայել, Երուսաղեմում պաղեստինցիների իրավունքները Իսրայելի կողմից ոտնահարվելու մեղադրանքով: Իսրայելի առաջնորդներն այժմ ասում են, որ շարունակելու են օդային գրոհներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ոչնչացվել Համասի ռազմական կարողությունները:

Այժմ համընդհանուր գործադուլներ են սկսվել արեւելյան Երուսաղեմում, Իսրայելի տարածքի մեջ գտնվողո արաբաբնակ քաղաքներում ու Հորդանան գետի արեւմտյան ափի քաղաքներում:

Իսլանդիա կատարած իր այցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, թե Վաշինգտոնը ‘’լարված դիվանագիտություն’’ է իրականացնում, տարածաշրջանում անդորրը վերականգնելու համար:

Բլինքենը Ռեյկյավիկում ասել է, թե իրենք հետախուզական աղբյուրներից տեղեկություններ են ստացել Գազայի գոտում Իսրայելի կողմից բարձրահարկ մի շենք փլուզելու մասին, որտեղ էին գտնվում ‘’Ասոշիեյթեդ փրես’’ եւ ‘’Ալ Ջազիրա’’ լրատվական գործակալությունների գրասենյակները: ‘’Սակայն ես այդ մասին մեկնաբանությամբ հանդես գալ չեմ կարող’’, ասել է Բլինքենը:

Դիվանագիտական ջանքերով են հանդես գալիս նաեւ Եգիպտոսն ու ՄԱԿ-ի միջնորդները: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իսրայելա-պաղեստինյան այս հակամարտության շուրջ քննարկումներ է սկսելու հինգշաբթի օրը:

Հրադադար հաստատելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից երկուշաբթի օրը հրապարակված կոչը կողմերն անտեսել են, սակայն միմյանց դեմ իրականացվող գործողությունների ուժգնությունը գրանցել է որոշակի անկում: