Բոբ Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել խիստ արձագանքել ադրբեջանական զորքի ներխուժմանը Հայաստանի սուվերեն տարածք

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարություն է տարածել Ադրբեջանիկողմից Հայաստանի Սյունիքի մարզ ներխուժման հաղորդագրությունների կապակցությամբ և Բայդենի վարչակազմին կոչ արել ամենաբարձր մակարդակով զբաղվել այս հարցով:

"Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի դրսևորում է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է առնչվել: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է շատ խիստ արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործողությունները լուրջ հետևանքներ կունենան: Երբ անցած տարի Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, ԱՄՆ նախկին վարչակազմը չկարողացավ միջամտել և բաց թողեց դռները, որպեսզի բռնապետները՝ Ալիևը, Էրդողանն ու Պուտինը, որոշեն հայ ժողովրդի ճակատագիրը",- գրել է Մենենդսեը: