Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշն անկում է ապրել. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան Nations in Transit 2021 զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը

Հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշն անկում է ապրել, ասված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2021. The Antidemocratic Turn (Անցումային շրջանի երկրներ 2021. Հակաժողովրդավարական շրջադարձ) անունը կրող զեկույցում, որի միջոցով Freedom House-ը չափում է ժողովրդավարական կառավարման մակարդակը Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած տարածքի 29 երկրներում: Ժողովրդավարության միավորը ներառում է 7 ոլորտների վերաբերյալ առանձին գնահատականներ, ներառյալ ազգային և տեղական կառավարումը, ընտրական գործընթացները, անկախ մամուլը, քաղաքացիական հասարակությունը, դատական համակարգը և կոռուպցիան:

Ըստ կազմակերպության զեկույցի՝ 2020 թվականը Հայաստանի համար աչքի ընկավ ինչպես նշանակալի առաջընթացով, այնպես էլ խորը մարտահրավերներով: Կազմակերպության կարծիքով ընթացիկ տարվա կտրվածքով ղարաբաղյան երկրորդ պատերազմին հաջորդած քաղաքական ճգնաժամը Հայաստանում իր մեջ պարունակում է մարտահրավերներ ժողովրդավարական առաջընթացի հարցում՝ ներառյալ, անվտանգության ռիսկերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով, ներկայիս կառավարության նկատմամբ հասարակության ցածր վստահությունը, տնտեսական լարվածությունը և COVID-19 համաճարակը: Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2021 թ., հետագա բարեփոխումների հեռանկարն ու ուղեգիծը անորոշ են, քանի որ դրանք կախված են ապագա կառավարության կազմի և հասարակության վստահության վերականգման հետ, նշում է կազմակերպությունը:

Ըստ զեկույցի՝ ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է 2.50-ից մինչև 2.25 միավոր ` արտացոլելով երկրում կառավարման, ազգային անվտանգության և ինքնիշխանության խորացող ճգնաժամը: Երկրի ամենախոշոր ճգնաժամերն էին կորոնավիրուսի համավարակն ու բռնկված պատերազմը Ադրբեջանի հետ: Պատերազմի հետևանքով ճգնաժամ առաջացավ պետական կառավարման ոլորտում, որը սպառեց գործադիր և օրենսդիր իշխանության ռեսուրսները՝ միաժամանակ կասեցնելով առաջընթացը մի շարք կարևոր գործընթացներում, ներառյալ ընտրական բարեփոխումների ոլորտում:

Չնայած դրան՝ զեկույցը նշում է, որ անցած տարվա դեկտեմբերին օրենսդիրներն ի վերջո փոփոխություններ մտցրեցին «Կուսակցությունների մասին» օրենքում, որը նպատակն է մեծացնել կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունը: Փոփոխությունների թվում էին կորպորատիվ նվիրատվությունների արգելքը, անհատական նվիրատվությունների ցածր չափը և պետական ֆինանսավորման պայմանները կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունը ժամանակին ներկայացնելու և գենդերային քվոտայի պահանջը բավարարելու համատեքստում, որով մեկ սեռի ներկայացուցիչները չպետք է գերազանցեն կուսակցության կառավարման խորհրդի 60 տոկոսը: Օրենքը նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին լիազորում է զբաղվել կուսակցության ֆինանսների վերահսկմամբ: Այն շեշտում է նաև ՝ անցած տարվա ազգային քաղաքականությունն աչքի ընկավ լարվածությամբ ողջ տարվա ընթացքում իշխող «Իմ քայլը» դաշինքի և ընդդիմության միջև:

Անդրադառնալով քաղաքացիական հասարակության ոլորտին՝ կազմակերպությունը մատնանշում է , որ ազատ հավաքների իրավունքը սահմանափակվում էր տարվա մեծ մասում: Մարտ ամսին հայտարարված արտակարգ դրությունը COVID-19 համաճարակի պատճառով արգելքներ է սահմանել հասարակական հավաքների և տեղաշարժի ազատության իրավունքի նկատմամբ: Կառավարությունը օգոստոսին չեղյալ հայտարարեց արտակարգ դրությունը՝ հօգուտ հասարակության առողջության ավելի չափավոր միջոցառումների ՝ պարտադրելով, որ հանրային հավաքների մասնակիցները պահպանեն սոցիալական հեռավորությունն ու դիմակներ կրեն: Այնուամենայնիվ, ղարաբաղյան պատերազմի բռնկումը և դրա արդյունքում ռազմական դրությունը հանգեցրին հավաքների իրավունքի նոր արգելքին սեպտեմբեր ամսին, որը ուժի մեջ էր մինչև դեկտեմբեր ամիսը: Զեկույցը սակայն մեջբերում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գնահատականը անվտանգության մարմինների աշխատանքի կապակցությամբ, որը հաղորդում է անվտանգության ուժերի սահմանափակումների կիրառման ոչ հետևողական բնույթի մասին:

Բացի այդ, ըստ զեկույցի, Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ակտիվ ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում տեղահանված բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցում: Զեկույցն առանձնացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ շեշտելով, որ ֆորմալ և ոչ ֆորմալ քաղհասարակության ներկայացուցիչները ապաստարան և առաջնային անհրաժեշտության միջոցներ են տրամադրել տեղահանված անձանց ԼՂ պատերազմի օրերին:

Զեկույցում ընդգծվում է, որ քաղաքական դաշտն ու մամուլը 2020 թ.-ի ընթացքում շարունակել են մնալ չափազանց բևեռացված: Հայկական լրատվամիջոցների դաշտը բաժանված է իշխանամետ և հակակառավարական լրատվամիջոցների միջև, սակայն, ըստ զեկույցի, նկատելի է կենտրոնամետ լրատվամիջոցների աճ հատկապես համացանցում: Freedom House-ը ընդգծում է, որ հեռուստատեսությունն ու համացանցը երկրի նորությունների և տեղեկատվության ամենահիմնական աղբյուրներն են: Չնայած հեռուստաընկերությունները հիմնականում զերծ են պետության վերահսկողությունից՝ դրանք լիակատար անկախություն չեն վայելում իրենց սեփականատերարից:

Դրա հետ մեկտեղ, զեկույցը նշում է, որ հայկական մամուլն ու հանրությունը անցած տարվա ընթացքում բախվեցին ապատեղեկատվության զգալի աճի հետ, հատկապես COVID-19- ի և Լեռնային Ղարաբաղի պատերազմի շուրջ: Freedom House-ն անհանգստացած է, որ այդ ապատեղեկատվությունը սկիզբ է առնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից՝ ընդգրկելով ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական մարմինները: Փաստերի ստուգման և ԶԼՄ-ների գրագիտության մի շարք նախաձեռնություններ շարունակում են ակտիվ գործել Հայաստանում, բայց պետական կառույցների կողմից լուրջ քայլեր չեն ձեռնարկվել՝ ապատեղեկատվության ազդեցությունը հասկանալու կամ մեղմացնելու համար, ասված է զեկույցում:

Դատաիրավական ոլորտի բարեփոխումները, ըստ զեկույցի, գործող քաղաքական ուժի ու կառավարության գերակա խնդիրներից են, սակայն այս ուղղությամբ առաջընթացը անցած տարվա ընթացքում մեծ չէր: 2020 թ.-ին իրավական ոլորտի փորձագետները պնդում էին, որ դատավորների և իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց վեթինգի և համապարփակ ստուգման գործընթացը կարևոր նշանակություն ունի դատական համակարգի բարեփոխումների համար, սակայն մինչև տարեվերջ այս ուղղությամբ օրենսդրական նախաձեռնություն այդպես էլ առաջ չեկավ:

Բացի այդ, զեկույցը շեշտում է, որ երկրի ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում են ուղիղ ենթարկվել վարչապետին, սակայն ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որը հաստատվել է օրենսդիրների կողմից ապրիլին, կարող է փոխել իրավիճակը: Մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ այս ծրագիրը նախատեսում է ստեղծել ՆԳ նախարարություն, որի արդյունքում ոստիկանությունը հաշվետու կդառնա Ազգային ժողովին: Ըստ զեկույցի՝ բարեփոխումների այս գործընթացը սկսվել է 2020 թ.-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ և կշարունակվի մինչև 2022 թվականը:

Զեկույցն անդրադարձավ նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ հիշեցնելով, որ գործող կառավարությունը իր նախապատվությունը տվել է հակակոռուպցիոն բարեփոխումներին և հրապարակել իր հակակոռուպցիոն ռազմավարությունը և 2019-2020 թթ. գործողությունների ծրագիրը: Ռազմավարությունը ներառում է հատուկ հակակոռուպցիոն հանձնաժողովի և հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, իսկ տարեվերջին խորհրդարանը ազդարարեց, որ կոմիտեն կսկսի գործել 2021 թ. սկզբին: Քաղաքացիական հասարակությունը և մասնագիտական կազմակերպությունները, այդ թվում ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» -ը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հայաստանի փաստաբանների միությունը, խորհրդակցություններ էին տրամադրել կառավարությանը այս հարցում: Նախատեսվում է նաև ստեղծել հակակոռուպցիոն հատուկ դատարան 2021 թ-ի ընթացքում: