«Ես հպարտ եմ, որ մենք՝ հայերս, լինելով փոքր, միշտ մտածում ենք մեծ բաների մասին». Վարդան Գրեգորյան

«Հազարավոր տարիներ արեւը միշտ ծագում է՝ ոչ միայն այստեղ, այլեւ` ամբողջ աշխարհում: Միշտ ամեն արեւածագի հետ բացվել է նաեւ լավ օրը: Հայերենում մենք ասում ենք բարի օր, լավ օր, բարի լույս». Վարդան Գրեգորյան

2021 թվականի ապրիլի 15-ին արեւը կրկնին ծագեց, ինչպես անում է հազարամյակներ շարունակ, բայց` առանց Վարդան Գրեգորյանի: Աշխարհի տարբեր անկյուններում ապրող շատ հայտնի հայեր , հայկական կազմակերպություններն ու անգամ միջազգային մամուլը ափսոսանքով տարածում էին ակադեմիկոս , մանկավարժ, պատմաբան, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի մահվան լուրը:

«Այո, մենք կորցրել ենք ոչ թե մի հայ մտավորականի, այլ` մեկին , ով հետաքրքրված էր հայ իրողությամբ, այսինքն մինչեւ վերջ հայ էր , մասնակից էր ամեն ինչին »,- ասում է Պերճ Թյուրաբյանը:

Պերճ Թյուրաբյանը կատալոգեր է աշխատում Նյու Յորքի հանրային գրադարանում արդեն քսաներկու տարի: Ինքն էլ Վարդան Գրեգորյանի մահվան լուրը լսել է ու թարմացրել հիշողությունները: Այսօրվա պես է հիշում, թե ինչպես ԱՄՆ-ում մի օր պատահաբար հանդիպեցին փողոցում , նայեցին իրար աչքերի մեջ ու սկսեցին զրուցել:

«Եվ խոսեցի նրա հետ, ասացի, որ սովորում եմ Կոլումբիայի համալսարանում գրադարանագիտություն: Ասաց՝ ընտրե՞լ ես քո ճյուղը: Պատասխանեցի՝ դեռ ոչ: Ինքն էլ պատասխանեց՝ դարձիր կատալոգեր եւ մենք քեզ կընդունենք Նյու Յորքի հանրային գրադարանում, որովհետեւ կարիքն ունենք»,- պատմում է Թյուրաբյանը:

«Կատալոգեր դարձա, ոչ մինգամից, բայց Նյու Յորքի հանրային գրադարանում հայտնվեցի,- ասում է Պերճ Թյուրաբյանը: Այն ժամանակ ,երբ Գրեգորյանն այեւս գրադարանում չէր, սակայն նրա անունը դեռ շարունակում էր այնտեղ հնչել:

«Պիտի ասեմ, որ շատ ցավալի կորուստ է: Իմիջայլոց, երբ ես սկսեցի աշխատել Նյու Յորքի հանրային գրադարանում, իմ «յան» վերջավորությունը լսելով, մարդիկ ասում էին «Գրեգորյան»,- ժպիտով հիշում է Թյուրաբյանը:

Վարդան Գրոգորյանը ծնվել է թավրիզյան մի սովորական հայկական ընտանիքում, հետո՝ տեղափոխվել Բեյրութ ու արդեն քսաներկու տարեկանում՝ Միացյալ Նահագներ: Նա օվկիանոսը հատել էր որպես սովորական ներգաղթյալ , սակայն համառ ու նվիրված աշխատանքի, գիտելիքի շնորհիվ նրան հաջողվել է դառնալ Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահը, հետագայում ռեկտորի պաշտոն ստանձնել Փենսիլվանիայի համալսարանում: 1981-1989 թվականներին նախագահել է Նյու Յորքի Հանրային գրադարանը, եւ նրա շնորհիվ գրադարանը հաղթահարել է խորը ժգնաժամն ու վերակագնել իր երբեմնի համբավը: Գրեգորյանը գրադարանը փրկելու հարցում իր մեծ ավանդը կարողանում էր խնամքով թաքցնել:

«Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ես անչափ ուրախ եմ, որ Նյու Յորքում եմ եւ` այտեղի մարդկանց պալատում: Նյու Յորքի հանրային գրադարանը աշխարհի ամենաժողովրդավար կառույցներից մեկն է, որը տալիս է տեղեկատվություն եւ գիտելիք , կրթություն մեր քաղաքացիներին, ներգաղթայալներին, բոլոր այցելուներին՝ աղքատ, թե` հարուստ: Այն հասանելի է բոլորի համար եւ պատահական չէ, որ 1913 թվականին Լենինը «Պրավդա»-ի մի հոդվածում գրել էր՝ Ռուսաստանը կարիք ունի մի այնպիսի բան ունենալ, ինչպիսին Նյու Յորքի Հանրային գրադարանն է»,- դեռ անցյալ տարի Նյու Յորքի հանրային գրադարանում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումներից մեկի ժամանակ անկեղծացել էր Գրեգորյանը:

«Մահացել է Նյու Յորքի հանրային գրադարանի փրկիչը». Վարդան Գրեգորյանի մահվան լուրը Նյու Յորք Թայմսն առաջինը տարածեց այս վերնագրով, իսկ Նյու Յորքի հանրային գրադարանի պաշտոնական էջում զետեղված է երկարաշունչ հայտարարություն՝ ափսոսանաքի ու երախտագիտության խոսքերով:

Վարդան Գրեգորյանը մտածում էր համամարդկային արժեքների մասին, սակայն երբեք չէր թարքցնում իր ամեմեծ սերն ու նվիրումը Հայրենիքին: Վերջին տարիներին ապրում էր նաեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությամբ, հպարտանում, թե ինչպես հայությունը, ցեղասպանություն վերապրած լինելով, տվեց այնպիսի մեծություններ, որոնք այսօր աշխարհում ցեղասպանություն են փորձում կանխարգելել:

«Բայց փոքրիկ կրակի կայծը, որպես մեծ հրավառություն սկսեց տարածվել ամբողջ աշխարհում: Մարդիկ խոսում են քարտեզի վրա այն փոքրիկ կետի մասին, որը մենք կոչում ենք Հայաստան, Երեւան, որտեղից եւ սկսվեց այն զգացումը, որ սպանությունը չունի սահմաններ, որ ռասիզմը գույն չունի : Շնորհակալ եմ Նուբար եւ Ռուբեն ձեր այս տեսլականի համար: Մենք սա դարձրեցինք ոչ թե հայկական, այլ` միջազգային շարժում:Ես հպարտ եմ, որ մենք, լինելով փոքր, միշտ մտածում ենք մեծ բաների մասին»,- մի առիթով ասել էր Վարդան Գրեգորյանը:

«Ես ինձ հպարտ ու հաղթական եմ զգում, որ մի աղքատ տղա՝ Թավրիզից, ով չափից դուրս աղքատ էր, որ անգամ ի վիճակի չէր գնել կամ պարտքով անգամ գիրք վերցնել, ահա միլիոնավոր գրքեր է տալիս նյույորքցիներին»,- իր հայտնի «Տուն տանող ճանապարհը» գրքում գրել է Վարդան Գրեգորյանը, ով, լինելով սովորական ներգաղթյալ, ԱՄՆ -ում կարողացավ հասնել իր երազանքներին, հայտնվել ամենանշանակավոր մարդկանց միջավայրում ու կյանքի վերջին էջը փակել իբրեւ աշխարհի ամենահայտնի ու ազդեցիկ հայերից մեկը:

Վարդան Գրեգորյանին ու նրա գործունեությանն այս շաբաթ անդրադարձել են Washington Post-ը, New York Times- ը, CNN-ն ու մի շարք այլ հեղինակավոր մեդիա հարթակներ: