Ռուսական զորքեր են այս օրերին տեղակայվում Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող Վորոնեժի մարզում, ինչը 2014 թվականին Ղրիմի թերակղզին բռնակցելուց հետո ամենալայնածավալ ռազմական տեղաշարժն է այստեղ: Մի բան, որը մտահոգության տեղիք է տալիս ոչ միայն Կիեւում, այլ նաեւ Արեւմուտքում:
Ինչպես ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին է ասել, ‘’նախագահ Ջո Բայդենն իր մտահոգությունն է հայտնում այս եւ Ուկրաինայի սահմանի վրա ագրեսիայի դրսեւորումների առնչությամբ’’:
ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ Բրյուսելում անցկացված հանդիպումից հետո էլ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, թե ԱՄՆ-ը Ուկրաինային շարունակելու է տրամադրել նյութական աջակցություն` որպեսզի այն կարողանա պաշտպանել իր տարածքի անձեռնմխելիությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականները եւ Ուկրաինայի զորքերն այս երկրի արեւելյալ հատվածներում մարտերը շարունակում են 2014 թվականից ի վեր: Այս ընթացքում այստեղ ավելի քան 14 հազար մարդ է զոհվել:
Սակայն ահա Ռուսաստանը հայտարարում է, թե իր արեւմտյան սահմաններ է զորքեր ուղարկում զուտ ‘’մարզական նպատակներով’’, ՆԱՏՕ-ի կողմից ‘’սպառնալիքներին ի պատասխան:
Իրադրության սրման պատճառով Ջո Բայդենը կոչ է անում եկող ամիսների ընթացքում անցկացնել գագաթաժողով Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ, ինչը Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Մայքըլ Քիմիջն անվանում է խելացի քայլ: Նրա խոսքերով, դա ցույց է տալիս, որ Ամերիկան հավատարիմ է մնում իր պարտավորություններին, որ չի լինելու որեւէ զիջում եւ որ Ամերիկան այլեւս հանդես չի գալու թույլ դիրքերից:
ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ են հանդես եկել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժում իրականացվելու հնարավորության մասին մտահոգությամբ: Նրանցից սենատոր Ջիին Շահինն ասում է, թե հարկավոր է Ռուսաստանի դեմ իրականացնել ճնշումներ, ինչը կարող է արտահայտվել նաեւ Հյուսիսային հոսք 2 խողովակաշարի առնչությամբ պատժամիջոցներ իրականացնելով: Նրա խոսքերով, այն կարող է վճռական նշանակություն ունենալ Ուկրաինայի համար: ‘’Մենք պիտի փորձենք փակել դա ամեն գնով’’, ասում է նա:
Փորձագետներն ասում են, թե Ռուսաստանից դեպի Գերմանիա բնական գազ տեղափոխող Հյուսիսային հոսք 2 անվանումը կրող խողովակաշարը Ռուսաստանի կողմից կազմված աշխարհաքաղաքական նախագիծ է, որը սպառնում է Եվրոպայի եւ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանը: Սակայն Գերմանիան այն դիտարկում է որպես պարզ առեւտրային ձեռնարկ: