Ռուսաստանը ստորադասել էր Հայաստանի շահը` Թուրքիային իր կողմը քաշելու համար. կարծիք

Եռաբլուր, Երևան

The Organization for World Peace կազմակերպությունը վերջերս հրապարակել էր կառույցի փորձագետ ՄարիաՄանե Հակոբյանի հեղինակությամբ ԼՂ վերջին պատերազմին ու հետպատերազմյան Հայաստանին առնչվող կարճ մի զեկույց: Ամերիկայի ձայնը զրուցեց հրապարակման հեղինակի հետ

Հայաստանն այսօր առերեսվում է վերջին պատերազմում կրած պարտության հետևանքների հետ, իսկ երկրի ազգաբնակչությունը վերապրում է ազգային լուրջ տրավմա և հետպատերազմյան ընկճվածություն, գրում է Հանուն համաշխարհային խաղաղության կազմակերպության զեկույցը՝ անդրադառնալով Հայաստանի պարտության ներքին և արտաքին հանգամանքներին ու ստեղծված հետպատերազմյան իրավիճակին:

''Հնարավորության պարագայում անհրաժեշտ է ամեն կերպ խուսափել պատերազմից: Այս պատերազմում մենք կորցրեցինք շատ ու շատ երիտասարդներ՛՛,- ասում է զեկույցի հեղինակ, երիտասարդ վերլուծաբան Մարիա Մանե Հակոբյանը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանի դիվանագիտությունը ձախողվեց, և Թուրքիան, օգտվելով հանգամանքներից, ռազմական օգնություն ցուցաբերեց Ադրբեջանին՝ տրամադրելով ժամանակակից զինատեսակներ և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան տակտիկական օժանդակություն: Բացի այդ, ըստ հրապարակման, Անկարան Սիրիայից հակամարտության գոտի տեղափոխեց մի քանի հազար վարձկանների: Թուրքիայի ներգրավումն այս պատերազմում չափազանց զգայուն թեմա է, ասում է զեկույցի հեղինակը՝ շեշտելով, որ այն խորացրեց հայերի՝ նախկինում վերապրած հոգեբանական տրավման:

''Դա պարզապես մի երկրի աջակցությունը չէր մեկ այլ երկրի: Դա մի երկիր է, որը իրականացրել է ցեղասպանություն, չի ընդունում դա, և այժմ կրկին գործում է նույն ոճով՛՛,- ասում է զեկույցի հեղինակը:

Փոխարենն, ըստ հրապարակման, Հայաստանը այս ծանր պատերազմի օրերին մնաց միայնակ: Միջազգային խոշոր կառույցները, ներառյալ ՄԱԿ-ը, որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, իսկ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, ըստ հեղինակի, անտեսեց Հայաստանի շահերը:

՛՛Ռուսաստանի նպատակն էր դուրս բերել Թուրքիային ընդդեմ ՆԱՏՕ-ի, ուստի կարծում եմ՝ ռուսական կողմը ստորադասել էր Հայաստանի շահը` Թուրքիային իր կողմը քաշելու համար՛՛,- ասում է Հակոբյանը:

Արտաքին գործոնների հետ մեկտեղ, հրապարակումն անդրադառնում է նաև պարտության այլ հանգամանքների: Ըստ զեկույցի՝ Հայաստանի կառավարությունը տարբեր հարցերում ձախողեց այս պատերազմը: Հայաստանում կարծում էին, որ 1994 թ-ի պատերազմում գրանցած հաղթանակը հավերժ է, մինչդեռ Ադրբեջանը լավ նախապատրաստված էր՝ տարիներ ի վեր ներդրումներ կատարելով ռազմական ոլորտում:

Բացի այդ, ըստ զեկույցի, Հայաստանը պատրաստ չէր նման պարտության, քանի որ հայ հանրությունը պատերազմի օրերին ապակողմնորոշվել էր պետական քարոզչության կողմից, որը հանրությանը սնում էր թյուր ընկալումներով, որ Հայաստանը հաղթում է և հաջողությունը շատ մոտ է:

Հակոբյանի հեղինակությամբ հրապարակումն ընդգծում է՝ Հայաստանը պարտվել է, քանի որ իրականությանը նայելու փոխարեն, ավելի քան երկու տասնամյակ երկրի ղեկավարությունը առաջնորդվում էր գաղափարական, քաղաքական, կուսակցական և նաև անձնական նկատառումներով: Զեկույցը մեջբերում է պատմաբան և նախկին պետական այր Ժիրայր Լիպարիտյանի խոսքերը, ով ընդգծել էր, որ Հայաստանը պարտվեց ռազմավարական մտածողության բացակայության արդյունքում՝ չնկատելով ուժերի հարաբերակցության փոփոխությունն ու հրաժարվելով ընդունել այն փաստը, որ ժամանակն աշխատում է հակառակ Հայաստանի շահերի: