Ռուսաստանը երեքշաբթի օրը ԱՄՆ-ին անվանեց «հակառակորդ» և խորհուրդ տվեց, որ ամերիկյան ռազմանավերը հեռու մնան Ղրիմից:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ամերիկյան ռազմական նավերի Սեւ ծով գործուղումը որակել է սադրիչ գործողություն: Ռյաբկովի խոսքով՝ Ամերիկան ստուգում է ռուսական կողմի արձագանքը: Նրանք խաղում են մեր նյարդերի հետ, ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:
«ԱՄՆ-ը մեր հակառակորդն է և ամեն ինչ անում է միջազգային ասպարեզում Ռուսաստանի դիրքերը խաթարելու համար», - Ռյաբկովի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Մոսկվան Ղրիմն Ուկրաինայից իրեն է բռնակցել 2014 թվականին:
Այս շաբաթ Սև ծով պետք է ժամանեն ԱՄՆ-ի երկու ռազմանավեր:
Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննարկել են Ուկրաինայի սահմանների երկայնքով և գրավյալ Ղրիմում Ռուսաստանի ագրեսիվ ռազմական նախապատրաստական գործողությունների անմիջապես դադարեցման կարևորությունը: