«2020 թ. Հայաստանը տարածաշրջանում ունեցավ ՀՆԱ-ի կտրուկ անկումներից մեկը` 7.6 տոկոս, COVID-19- ի բռնկումը և տարեվերջին Ադրբեջանի հետ ռազմական ընդհարումն ազդեցին արդյունքների վրա: Ենթադրվում է, որ 2020 թվականին աղքատությունն աճել է 7 տոկոսային կետով: Տնտեսության վերականգնումը կլինի աստիճանական»,-ասված է զեկույցում:
Համաշխարհային բանկն իր զեկույցում հիշեցրել է, որ կորոնավիրուսի համավարակից առաջ Հայաստանը աստիճանաբար բարելավում էր իր գործարար միջավայրը:
Զեկույցում ասվում է, որ չնայած Հայաստանի բարեփոխումների առաջընթացին, կառուցվածքային մարտահրավերները թույլ չեն տվել, որ երկիրը հասնի իր ամբողջ ներուժին: Մարտահրավերների համատեքստում նշվում է կառավարման բացերի՝ դատաիրավական թերի բարեփոխումների և այլնի մասին՝ շեշտելով, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակն ավելի է սրում այդ մարտահրավերները:
Զեկույցում նշվում է, որ սակայն Հայաստանի առաջընթացը ձախողվել է 2020-ին երկու ցնցումների՝ համավարակի և Արցախի պատերազմի պատճառով: 2020 թվականին իրական ՀՆԱ-ն անկում է ապրել 7,6 տոկոսով:
«Նախատեսվում է, որ ՀՆԱ-ի աճը մասամբ կվերականգնվի 2021-ին՝ 3,4 տոկոս և ավելի ուժեղ 2022 թվականին՝ 4,3 տոկոս: Վերականգնումը դանդաղ կլինի. մինչև 2023 թվականը տնտեսությունը դժվար թե վերադառնա մինչև COVID-ը եղած արտադրանքի մակարդակին»,-ասված է զեկույցում:
Համաշխարհային բանկը նկատել է, որ նախնական սցենարի համաձայն ենթադրվում է, որ իշխանությունները չեն կիրառի լրացուցիչ արգելափակումներ, սահմանափակումներ 2021 թվականին:
Զեկույցում նշված է՝ ակնկալվում է, որ մասնավոր սպառումը և ծառայությունների ոլորտը աստիճանաբար կվերականգնվեն: Մասնավոր ներդրումները, ամենայն հավանականությամբ, կմնան զսպված՝ արտացոլելով ներդրողների թույլ վստահությունը: Հետկոնֆլիկտային մեծ ծախսերը և հանրային ներդրումների հավակնոտ ծրագրերը, չնայած մեղմված են կատարման մարտահրավերներով, սակայն կբարձրացնեն հարկաբյուջետային դեֆիցիտը և միջնաժամկետ հեռանկարում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կբարձրացնեն 70 տոկոսից:
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ միջին գնաճը կմնա մոտ ՀՀ ԿԲ-ի 4 տոկոսանոց նպատակին, բայց կարող է աճել, եթե պարենի և վառելիքի համաշխարհային գները շարունակեն անսպասելիորեն բարձրանալ: Ակնկալվում է, որ օտարերկրյա ներդրումների հոսքերը կզսպվեն, բայց պետական փոխառությունները միջնաժամկետ հեռանկարում պահուստները կպահեն հարմարավետ մակարդակի վրա: